Բաժիններ՝

Կոլումբիայի խոշոր քաղաքներում բեռնատարների վարորդները փակել են մայրուղիները՝ բողոքելով վառելիքի գնի բարձրացման դեմ

Հազարավոր կոլումբիացիներ սեպտեմբերի 3-ին ստիպված են եղել ոտքով գնալ աշխատանքի, քանի որ վարորդները բեռնատարներով փակել են մի քանի մայրուղիներ՝ իրենց բողոքը հայտնելով դիզելային վառելիքի գնի բարձրացման դեմ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Բեռնատարների վարորդների արհմիությունները հայտարարել են, որ կառավարության ծրագրերը՝ վերացնելու դիզելային վառելիքի սուբսիդիաները, իրենց բիզնեսները կհասցնեն սնանկացման եզրին, իսկ նախագահ Գուստավո Պետրոյի վարչակազմը հայտարարել է, որ սուբսիդիաների կրճատումն անհրաժեշտ է բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար։

Օգոստոսի 31-ին Կոլումբիայի կառավարությունը դիզելային վառելիքի գինը բարձրացրել էր 50 ցենտով՝ հասցնելով յուրաքանչյուր գալոնի դիմաց 2,90 ԱՄՆ դոլարի։ Ի պատասխան դրա՝ արհմիություններն ամբողջ երկրում անցկացնում են ցույցեր, որոնք իրենց գագաթնակետին են հասել սեպտեմբերի 3-ին։

Ճանապարհներ են փակվել մայրաքաղաք Բոգոտայում, Մեդելյինում և Կալիում։ Բեռնատարների վարորդների ցույցերի հետևանքով նաև նվազել է մեծածախ շուկաներում սննդամթերքի քանակը։

Ըստ Կոլումբիայի ֆինանսների նախարարության՝ դիզելային վառելիքի սուբսիդիաները Կոլումբիայի կառավարության համար արժեցել են ամսական 240 միլիոն դոլար, որը վճարվել է պետական Ecopetrol նավթային ընկերությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս