ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդին և շարժման այլ պարագլուխների
ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և պաղեստինյան խմբավորման մի քանի այլ հայտնի գործիչների՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելում իրականացված հարձակման համար: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի վեց անդամներին յոթ մեղադրանք է առաջադրել, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների սպանության, ահաբեկչության ֆինանսավորման նպատակով դավադրության և զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման համար:
Գործակալությունը նշում է, որ այս մեղադրանքի ազդեցությունը կարող է խորհրդանշական լինել՝ հաշվի առնելով այն, որ Սինվարը թաքնվում է Գազայի հատվածում գտնվող թունելներում, իսկ ՀԱՄԱՍ-ի պարագլուխներից երեքը, որոնց մեղադրանք է առաջադրվել, ամենայն հավանականությամբ, մահացել են։
Մեղադրանքների առաջադրումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ միասին փորձում է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, The Associated Press-ին հայտնել է, որ այս մեղադրանքները չեն ազդի բանակցությունների ընթացքի վրա։
Յահյա Սինվարը ՀԱՄԱՍ-ի ղեկավար է նշանակվել հուլիսի 31-ին Թեհրանում շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո։ Ի դեպ, մեղադրանք է առաջադրվել նաև Հանիյեին։Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակման ընթացքում ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանել են շուրջ 1200 մարդու, գերեվարել շուրջ 250-ին։ Դեռ մոտ 100 պատանդ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Ենթադրվում է, որ նրանց մեկ երրորդը մահացել է։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 40 800-ը։