Հասկացեք վերջապես, անհնար է Արցախ ուրանալով ու այդ ուրացումը փառաբանելով Հայաստան պահպանել․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուրանալ Եռաբլուրն ու Արցախը՝ «սովորելով վայելել կյանքը». ահա ռեժիմի հայտարարած ռազմավարությունը։
Սեպտեմբերի 2-ի օրացույցային օրը ռեժիմն անցկացրեց առանց Արցախի մասին որևէ բառ հիշատակելու։
Կարծես ոչ 1991-ի սեպտեմբերի 2 եղել է, ոչ էլ՝ Ազատ Արցախ։
Դրանց հետ ամեն բան պարզ է։
Դրանց նպատակն է հանեն մեր ազգային գենետիկ հիշողությունն ու նոր սերնդից ստանան ընդամենը «կյանք վայելող» քաղաքացիներ։
Փաշինյանն ասում է, որ «մենք դպրոցում առաջին հերթին պետք է սովորեցնենք վայելել կյանքը»։
Իսկ 5 հազար նահատակներն ու բռնագաղթի ճամփան բռնած 120 հազար արցախայերը չէի՞ն ուզում «կյանքը վայելել, թե՞ Փաշինյանի նման կյանքը վայելել սովորեցնող «ուսուցիչ» չունեի՞ն։
Ի սեր Աստծո, ես դեմ չեմ, որ մեր ապագա սերունդը վայելի կյանքը, բայց ոչ սեփական պատմությունը, հերոսական էջերը, Արցախն ու Արարատը մոռանալ -ուրանալու գնով։
Արցախի մասով…
Շատ բան ասվեց, պաթոսից ու անասելի ցավից մինչև հավասարակշռված խոսք ու ուղերձներ։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում պարզ ու հանրամատչելի ներկայացրել է մեր տեսակետը՝ Արցախի հարցը մոռացողն ու էջը փակողը հայկական շահեր չի սպասարկում։
Ակնհայտ է, որ բարդ ու նույնիսկ ողբերգական է մեր իրականությունը։
Քաղաքական ռեալությունը հուշում է մեզ պատրանքներ չունենալ, բայց հասկացեք վերջապես, անհնար է Արցախ ուրանալով ու այդ ուրացումը փառաբանելով Հայաստան պահպանել։
Ես չեմ ասում, թե վաղը չէ մյուս օրը Շուշին հետ ենք բերելու, բայց հայտարարել Արցախն ու Շուշին ադրբեջանական՝ ուրացում է, պարզ ուրացում։
Ես հասկանում եմ բոլոր մարտահրավերն ու սպառնալիքները, ավելին՝ տեսնում եմ դրանք։
Մեր պետությունն այսօր խնդիր ունի ավելին չկորցնելու, պահպանելու՝ այն, ինչ ունենք։
Բայց այս անընդհատ զիջող ու պետական ռազմավարություն չունեցող ռեժիմի կառավարման պարագայում նորանոր կորուստներ են մեզ սպասում։
Այդ կորուստներից խուսափելու համար անհրաժեշտ է ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակի համակողմանի գնահատական, ռեալության գիտակցում ու ազգային նպատակին հասնելու ռազմավարություն։
Իսկ ո՞րն է մեր ազգային նպատակը։
Ազգային պետականության կառոցումը։
Միայն ազգային նկարագիր ունեցող պետություն ունենալով մենք հնարավորություն ունենք դիմակայելու սպասվող ցունամիներին։
Ազգային պետություն, որը հիմնված պետք է լինի Արարչի, Ազգի ու Հայրենիքի հավիտենականության գաղափարների վրա։
Հ.Գ. Մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ։
Աշոտ Նավասարդյան»