«Փաշինյանին ձեռնտու չէ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը. նրանք իրականությունը կներկայացնեն». Դավիթ Գալստյան
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հարցազրույցից շաբաթներ անց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց ադրբեջանցու ասածը՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա 2027 թվականին:
Ամիրբեկովը դա ասել էր այն համատեքստում, որ Փաշինյանն Ադրբեջանի կառավարության հետ քննարկում է ունեցել և ասել, որ Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թվականին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նկատեց՝ Փաշինյանը ոչ թե վերջերս է սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցված քայլեր անել, այլ 2018 թվականից՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու օրվանից:
«2018-ից Փաշինյանն Ադրբեջանի իշխանություններին որակում էր կիրթ և կառուցողական, կատարում էր այնպիսի քայլեր, որոնք ձեռնտու էին Ադրբեջանի իշխանություններին: 2018-20թթ., երբ Փաշինյանի տղան ծառայում էր Արցախում, կար ներքին հրաման՝ որևէ դեպքում չկրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, և այդ երկու տարում ադրբեջանցիները շատ ինտենսիվ ինժեներական աշխատանքներ կատարեցին իրենց համապատասխան դիրքերում, որից հետո հարձակվեցին, և սկսվեց պատերազմը: Փաշինյանն ուղիղ կապ էր հաստատում Ադրբեջանի հետ: Փաշինյանը եթե նախկինում համաձայնեցնում էր, ապա պարտությունից հետո նրան ուղղակի ստիպում են անել այն, ինչ ձեռնտու է Ադրբեջանին»,-ասաց նա՝ ընդգծելով՝ թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության մեջ մեր թուլության պատճառն օրվա իշխանությունն է:
«Փաշինյանն անուղղակի ժողովրդին պատրաստում է, որ մինչև 2027 թվականը խաղաղություն չի լինելու, պայմանագիրը չի ստորագրվելու, և իր համար նոր թեզեր է պատրաստում, որպեսզի ընտրարշավի ժամանակ կարողանա խոսել, ժողովրդին հերթական ստերով կերակրել, որ տեսեք՝ բան չի մնացել, հասնում ենք խաղաղության պայմանագրին, և իմ ընտրվելու դեպքում լինելու է խաղաղություն, զոհեր չեն լինելու:
Բայց մենք գիտենք, որ գործ ունենք ադրբեջանցիների հետ, որոնք քնած հային կացնահարում են և կացնահարողին հերոսացնում, և սին են այն փափագները, թե այդ ազգի հետ կարելի է խաղաղ ապրել: Ադրբեջանցին ցանկացած պահի հայ սպանելու պատրվակը բաց չի թողնելու: Մինչև չհասկանանք, որ այս իշխանությունը չարիք է, և օր առաջ ազատվելը բխում է ազգի շահից, մենք ունենալու ենք այդ պարտադրանքներն Ադրբեջանի կողմից և իշխանություն, որն ուղղակի չի կարող չկատարել: Մեր սահման պաշտպանող զինվորների, սպաների, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը ստորադասվում է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող պետական այլ կառույցների աշխատավարձերին: Այս մարդն ավելի բարձր է գնահատում իր անձնական, քան հայրենիքիանվտանգությունը»,-ասաց նա:
Դավիթ Գալստյանի խոսքով՝ կարող է Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողությունների իմիտացիա լինել այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական պահանջը կատարելուց պայման դնի՝ որպեսզի ինքը շարունակի մնալ իշխանության և կարողանա մեղքը բարդել բանակի կարողության վրա կամ ասել՝ ժողովուրդը չպաշտպանեց սահմանը. «Այս ֆոնի տակ կարող է ստեղծվել այդ իմիտացիան և լինեն որոշակի ռազմական գործողություններ, հերթական տարածքները հանձնվեն Ադրբեջանին և դա փորձեն արդարացնել:Սահմանադրության և Հռչակագրի փոփոխությունը նաև դրա համար է, որ Արցախին վերաբերող դրույթները հանեն: Իմ տեղեկություններով՝ այս իշխանությունները տվել են այդ խոստումը թուրք-ադրբեջանական տանդեմին, որ այլևս Արցախի մասով նրանք որևէ հարցադրում չեն անելու, բանակցային օրակարգի մասին չեն խոսելու: Փաստն այն է, որ այսօր նրանք այն իշխանություններն են, որոնք փորձում են փակել Արցախի հարցը: Բայց Արցախի հարցը համահայկական հարց է և որևէ իշխանության սեփականությունը չէ, ես համոզված եմ, որ դա նրանց չի հաջողվելու»:
Անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ ՀՀ իշխանությունների լռությանը, նա նկատեց՝ իրավիճակը պարզ է. «Երբ այսօրվա իշխանությունները մեղադրում են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ընդդիմությանը, թե իբր Արայիկ Հարությունյանի վրա ճնշում է գործադրվել՝ հրաժարական տվեց, և դրա պատճառով կորցրեցինք Արցախը, դա իրականության հետ որևէ աղերս չունի: Իրականում, եթե Արայիկ Հարությունյանը լիներ Հայաստանում, այդ հարցերի պատասխանը կտար, որ իր վրա ճնշում չի եղել: Եթե իր վրա ճնշում եղել է, ապա դա եղել է 2020 թվականի նոյեմբեր ամսին, երբ 4 խմբակցություններ գրավոր ձևով պահանջեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Կարող է լինել հակառակը, որ Հայաստանի իշխանությունների ճնշման ներքո է այդ հրաժարականը եղել: Երբ Արայիկ Հարությունյանն իր որոշումը ներկայացնում էր թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխող քաղաքական ուժին, շատերը Արայիկ Հարությունյանին կոչ էին անում չգնալ այդ քայլին, քանի որ ցնցումները կարող են բերել Արցախի կորստի: Արայիկ Հարությունյանն ականջալուր չեղավ: Նա իր որոշումները կայացնում էր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ քննարկման արդյունքում: Այսօր Նիկոլ Փաշինյանին ուղղակի ձեռնտու չէ՝ այդ մարդիկ լինեն Հայաստանում, ունենան հնարավորություն ներկայացնելու իրականությունը, ինչը կարող է վտանգել և, համոզված եմ, որ վտանգելու է օրվա իշխանությունների թեզերը:
Արայիկ Հարությունյանը չէր ուզում Արցախի վերջին նախագահը լինել, և տեսնելով,որ ամեն ինչ ավարտված է, հրաժարական տվեց. նրա հրաժարականը ՀՀ իշխանության հետ համաձայնեցված էր կամ նրանց ճնշման ներքո էր»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում