Ճապոնիայում թայֆունի պատճառով կան տասնյակ վիրավորներ
Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզի հասած թայֆունի պատճառով առնվազն 40 մարդ է տուժել երկրի երեք պրեֆեկտուրաներում։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով և մինչև 180 կմ/ժամ արագությամբ քամիներով։
Թայֆունի պատճառով խափանվել է տրանսպորտի երթևեկությունը, որոշ երկաթուղիներ դադարեցրել են գնացքների աշխատանքը մի շարք ուղղություններով, չեղարկվել են բազմաթիվ թռիչքներ։
Շուրջ 254 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Խափանվել է նաև ֆիքսված հեռախոսակապը։ Ճապոնիայի կենտրոնական Գամագորի քաղաքում հորդառատ անձրևների պատճառով սողանք է տեղի ունեցել, որի պատճառով մեկ ընտանիքի 3 անդամ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։
Թայֆունի ճանապարհին ընկած շրջանների որոշ խոշոր ավտոարտադրողներ հայտարարել են, որ օգոստոսի 29-ին դադարեցրել են իրենց գործարանների աշխատանքը։ Toyota Motor Corp. ընկերության 14 գործարաններում աշխատանքը կդադարի մինչև օգոստոսի 30-ը։Կյուսյուի որոշ հատվածներում 24 ժամում կանխատեսվում են 600 մմ տեղումներ։