Կալանավորում և մահակ գործարարների գլխին՝ ընտրություններից առաջ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկվում է 10 մլն դրամ և ավելի խախտում արած տնտեսվարողին կալանավորել 3 տարով։ Նախագիծը դրվել է e-draft կայքում հանրային քննարկման՝ մինչև օգոստոսի 23-ը։
ՊԵԿ-ը, մասնավորապես, առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և ուժը կորցրած ճանաչել 290-րդ հոդվածի 5-րդ մասը, ըստ որի, եթե մինչև այս փոփոխությունը գործարարը վճարում էր ՊԵԿ տեսուչների նախնական հաշվարկներով արձանագրված խախտման գումարը և չէր կալանավորվում, ապա փոփոխությունից հետո կենթարկվի քրեական պատասխանատվության։
168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով այս օրենսդրական նախաձեռնության նպատակների մասին, նախ հիշեցրեց ՊԵԿ-ի գործառույթները, ընդգծելով՝ Պետական եկամուտների կոմիտեն տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականությամբ իրավունք չունի զբաղվելու. ՊԵԿ-ը հարկային վարչարարություն իրականացնող մարմին է։
«Հիմա, սակայն, այլ բան են ցանկանում իրագործել՝ փորձ անելով Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Վերջին 10 տարում Հայաստանի կառավարությունների կողմից տարվել է տնտեսական հանցագործություների ապաքրեականացման քաղաքականություն, հիմա, սակայն, ուզում են գնալ քրեականացման ճանապաչհով»,- ասաց ՊԵԿ նախկին ղեկավարը։
Դավիթ Անանյանի համոզմամբ՝ նման փոփոխության պատճառը սպասվող ընտրությունններին ընդառաջ օրենքը քաղաքական նպատակադրումներով օգտագործելն է։
«Իմ կարծիքով՝ այս որոշման հիմքում կա քաղաքական դրդապատճառ։ Նախընտրական այս ժամանակահատվածում այդ փոփոխությունը մեծ գործիք է դառնալու պետության ձեռքում՝ բիզնեսի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Սա մահակ է դառնալու գործարարների համար և հարկահավաքման հետ կապված չէ։ Կապված չէ, որովհետև, բացի գործարարին քրեական պատասխանատվության ենթարկելու այս գործիքից, հարկային վարչարարությունն ունի այլ լայն գործիքակազմ, որի օգնությամբ էլ հավաքագրվում է հարկերի ճնշող մեծամասնությունը, հետևաբար, նման օրենք ընդունելու պատճառը կամ դրդապատճառը քաղաքական է»,- ասաց Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։