ՌԴ-ն վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի

Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Փոխարենը Կիևի ռեժիմին է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 115 զինվորական։

Ազատ արձակվածները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում, հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է ընձեռվել։

Ազատ արձակված բոլոր զինծառայողները կտեղափոխեն Ռուսաստան, որտեղ նրանք բուժման և վերականգնման փուլ կանցնեն պաշտպանության նախարարության բուժհաստատություններում։

ՌԴ զինվորականներին գերությունից վերադարձնելու գործում մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել ԱՄԷ-ն։

Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կկջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։

Ինչպես օգոստոսի 22-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 4,7 հազար զինծառայող, 68 տանկ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:

Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Տեսանյութեր

Լրահոս