Բորելը և Իրանի նոր արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի և Եվրոպայի հարաբերությունները, Գազայի հատվածում ընթացող պատերազմը և այլ հարցեր։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հարգանքի վրա հիմնված մթնոլորտում, և դա պահանջում է երկխոսություն՝ լուծելու նրանց միջև առկա խնդիրները և շտկելու եվրոպական երկրների սխալ քաղաքականությունը», – ասել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։
Բորելն իր հերթին շնորհավորել է Արաղչիին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմի օրոք Իրանի և ԵՄ-ի միջև քաղաքական երկխոսությունն ու խորհրդակցությունները կշարունակվեն և կընդլայնվեն։
Կողմերը նաև քննարկել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները, ինչպես նաև Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը։