 
                        Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Պուտին-Փաշինյան զրույցի մասին
 
                                    Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր` հաշվի առնելով Բաքու կատարած պետական այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
«Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Հայաստանին և Ադրբեջանին հետագայում ևս աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        