Պաղեստինի իշխանությունները չեն մասնակցում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցություններին
Պաղեստինի իշխանությունները չպետք է միանան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության շուրջ բանակցություններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի` միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական և նրա հատուկ պատվիրակ, նախարար Ռիադ ալ Մալիքին։
«Մենք իրականում ներկա հակամարտության կողմերից մեկը չենք: Եվ քանի որ խոսքը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին է, ապա մենք դրան չենք մասնակցում… Մենք հրավիրված չենք հրադադարի շուրջ բանակցություններին, քանի որ հակամարտության կողմ չենք, որը հոկտեմբերի 7-ին սկսվել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև», – նշել է քաղաքական գործիչը։
Միևնույն ժամանակ Աբասի հատուկ պատվիրակն ընդգծել է, որ Պաղեստինի կառավարությունը բանակցությունների հիմնական մասնակից կդառնա, երբ քննարկումը կենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես կկառուցվի կյանքը հակամարտության կարգավորումից հետո։
«Այդ ժամանակ, անշուշտ, մենք պաշտոնապես կմասնակցենք այն հարցի քննարկմանը, թե ով կհսկի «Ռաֆահ» անցակետը, կմասնակցենք Գազայի վերակառուցման քննարկմանը», – պարզաբանել է ալ Մալիքին: