Հնդկաստանի վարչապետը ժամանել է Ուկրաինա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիև։ 1992 թվականին երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա։

NDTV հեռուստաալիքը հաղորդում է, որ այցը կտևի մի քանի ժամ։ Մոդին Կիև է ժամանել գնացքով Լեհաստանից։ Վարշավայում օգոստոսի 22-ին Հնդկաստանի վարչապետը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Կողմերը մշակել են առաջիկա տարիների համագործակցության ծրագիր և որոշել փոխգործակցության մակարդակը հասցնել ռազմավարական գործընկերության։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի արտգործնախարարությունը, Մոդին Ուկրաինայում կհանդիպի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Նրանք նախատեսում են քննարկել երկկողմ կապերի մի քանի ասպեկտներ, ներառյալ քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, ինչպես նաև հումանիտար փոխանակումները և մարդասիրական օգնությունը: Նրանք նաև կարծարծեն ռուս-ուկրաինական հակամարտության թեման։

Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է բարեկամ երկրների հետ ցանկացած համագործակցության ՝ խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնման համար։ Նա հայտնել է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով:

Հուլիսին Նարենդրա Մոդին այցելել էր Մոսկվա։

Տեսանյութեր

Լրահոս