Հայ ծնվելը պատիվ է, կյանքը՝ պայքար, իսկ մեռնելը՝ հաղթանակ. Արցախի թեմի առաջնորդ

«Անկախության հասնելն անմահություն է․ Վեհափառի օրհնանքն եմ փոխանցում Հռչակագրի տարելիցի առթիվ», – այս մասին այսօր կառավարության նիստերի դահլիճում Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված պատգամավորների հավաքի ընթացքում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Որդիական խոնարհությամբ Ձեզ եմ փոխանցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնանքն ու շնորհավորանքը՝ Անկախության հռչակագրի 34-ամյակի կապակցությամբ։ Եթե մենք մտովի տեղափոխվում ենք 1990 թվականի օգոստոսի 23՝ այս դահլիճ, տեսնում ենք այն լեփ-լեցուն՝ Վազգեն Վեհափառի մասնակցությամբ։ Հուզված էր Հայոց Հայրապետը, երբ տեսնում ենք նրա փայլուն ու ուրախ աչքերը, բայց նաև մտահոգիչ: Անկախությունն ու անկախության հասնելը յուրատեսակ ու պատվաբեր պայքար է, դա անմահություն է։ Հայրապետը գիտեր՝ դա դժվար պայքար է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այդ անկախության ճանապարհին կարողացան փայլուն կերպով այդ ծրագրերն իրականացնել, նաև զոհվեցին հանուն անկախության», – իր խոսքում նշեց Սրբազան Հայրը։

«Հայի համար ամենից վեր անկախ ապրելն է, հայ ծնվելը պատիվ է, կյանքը՝ պայքար, մեռնելը՝ հաղթանակ։ Մեր տղաները պատվով են կատարել այդ 34-ամյա գիծը՝ ինչպես Քրիստոսը Խաչը ուսին բարձրացավ Գողգոթա, վկան նրանք են, ովքեր այսօր այստեղ են, ովքեր ի Տեր հանգչեցին և լույս թողեցին սերունդների համար։

Շնորհավորում ենք բոլորին և 1 րոպե լռությամբ ցանկանում ենք հիշել բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին ի գին մեր հաղթանակի՝ նահատակվեցին», – խոսքը եզրափակեց Վրթանես եպիսկոպոսը։

Տեսանյութեր

Լրահոս