Անհավասարակշիռ Հայաստան. քաղաքական մայմունության մեխանիկան
Պետությունների ու հասարակությունների կյանքում, ի թիվս բազմաթիվ օրենքների ու օրինաչափությունների, առաջնային նշանակություն ունի համակարգերի օրենքը։ Դրա համընդհանուր նշանակությունը համակարգերի՝ առանձին մասերի փոխկապակցվածությունն է, համակարգի մեկ մասի փոփոխության դեպքում՝ մյուս մասերի և, ընդհանուր առմամբ, համակարգի վիճակի փոփոխությունը։
Այս և բազմաթիվ այլ կանոնների համախումբը հանգում է նրան, որ համակարգի բնականոն կենսագործունեությունը կարող է ապահովվել միայն դրա հավասարակշռության, համակարգի առանձին մասերի՝ իրար հավասարակշռելու ու հակակշռելու պարագայում։
Հավասարակշռության ու հակակշռման այդ մեխանիզմն ընկած է նաև ժողովրդավարության հիմքում։
Համակարգային ֆունդամենտալ այս օրենքը՝ հավասարակշռության կանոնը, Հայաստանում խախտված է հիմնավորապես, և դա արտահայտվում է ամենատարբեր ոլորտներում։ Բայց ամենացայտուն կերպով դա դրսևորվում է քաղաքական համակարգում։
Իշխանությունը, օրինակ, ոչ թե առանձին սուբստանցիա է, այլ քաղաքական համակարգի ենթահամակարգ, որի մյուս խոշոր ենթահամակարգն ընդդիմությունն է։ Ընդդիմության իրական ակտիվության, բովանդակային գործունեության պայմաններում, օրինակ, իշխանությունը հայտնվում է հարաբերականորեն ավելի հավասարակշռված վիճակում՝ իր գործողությունները կառուցելով ընդդիմության՝ հակակշռման հնարավորության կանխավարկածով։
Եթե ավելի պարզ՝ երբ ընդդիմությունն ակտիվ է ու որոշակի սպառնալիք է ներկայացնում իշխանությանը, Նիկոլ Փաշինյանը հեծանիվ վարելու փոխարեն՝ «քշում» է սեփական թիմի անդամներին ու, ասենք, հայտնի «ՊՈԱԿ-ի ֆեյքերին»՝ զգուշանալով ընդդիմության գործողություններից։
Կրկին ընդդիմության ակտիվության դեպքում Նիկոլ Փաշինյանը ոտանավորներ բստրելու ու արտասանելու փոխարեն, լավ կամ վատ, բայց գոնե փորձում է քաղաքական մտքեր արտահայտել, պաշտպանվում է ոչ թե տափակ ու անհանգ բանաստեղծությամբ, այլ էլի տափակ, այդուհանդերձ քաղաքական հակադարձությամբ։
Բոլոր այդ դեպքերում անտեսանելիորեն գործում է համակարգերի հավասարակշռման օրենքը. երբ ենթահամակարգերից մյուսը գոնե համեմատաբար համարժեք է համակարգի հիմնական սուբյեկտին՝ իշխանությանը, վերջինս էլի անտեսանելիորեն ենթարկվում է համարժեքության կանոնին։
Եվ հակառակը՝ համարժեքության բացակայությունը հանգեցնում է քաղաքական համակարգում իշխանության անվերահսկելի վիճակին, ինչն էլ, վերջին հաշվով, ավելի է այլասերում իշխանությանը։
Հայտնի արտահայտությունը, ըստ որի՝ իշխանությունն այլասերում է բացարձակորեն, իհարկե, ճիշտ է։ Բայց ամբողջական ճշմարտությունն այն է, որ կարգավիճակի բերումով իշխանությունում հայտնվածներին բացարձակորեն ու վերջնականապես այլասերում է ընդդիմությունը՝ չկատարելով համակարգային հավասարակշռման իր առաքելությունը։
Այս համատեքստում ընդդիմություն ասելով՝ պետք է նկատի ունենալ ոչ միայն, իսկ գուցե՝ ոչ այնքան նոմինալ ընդդիմադիր ուժերին, կուսակցություններին. դա վերաբերում է ընդհանուր առմամբ բոլոր էլիտաներին՝ սկսած քաղաքականից, վերջացրած մասնագիտական ու մշակութային վերնախավերով։
Դրանք բոլորը՝ առանձին-առանձին ու հավաքականորեն, տապալել են իշխանությանը հավասարակշռելու ու դրանով պետությունը հավասարակշռության կետում պահելու իրենց առաքելությունը՝ ամեն օրվա հետ դատարկելով քաղաքական օրակարգը բովանդակությունից։
Եվ քանի որ հասարակությանը պետք է զբաղեցնել, քաղաքական օրակարգի դատարկության պատճառով այն լցվում է քաղաքական մայմունությամբ։
Հարություն Ավետիսյան