Ընդհանուր պատմությունը վերաշարադրելու փորձ է. ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է հայկական դասագիրքը

Ռուսաստանի Դաշնությունում հուսով են` Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ 8-րդ դասարանի պատմության դասագրքը մտնի դպրոց։ Ըստ ռուսական կողմի` այդ դասագրքում խեղաթյուրվում են 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Այս հայտարարությունը տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։

Ռուսաստանի ԱԳՆ-ում սադրիչ են որակել դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»` նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արևելյան Հայաստանի «բռնակցում»:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա` նման դասագրքը մտնի դպրոց, ինչպես նաև այսուհետ մատների արանքով չեն նայի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նմանօրինակ փորձերին»,- ասված է հայտարարությունում։

Նախարարությունում կարծում են, որ լուրջ աղբյուրներում, այդ թվում՝ հայկական, կարելի է բոլորովին այլ մոտեցումներ գտնել 1828 թ. խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս Հայաստանի պատմության դասագրքերում գնահատվում էր որպես «հայկական պետականության հետագա վերականգնման համար վիթխարի նշանակություն ունեցող փաստաթուղթ»։

«Արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրինգի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին։ Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման ոլորտում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է` կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակելու պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»,- ասված է հայտարարությունում։

Ինչպես հայտնի է՝ հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։

Տեսանյութեր

Լրահոս