Ադրբեջանում իսրայելական խորը ներկայության մասին են խոսում, այդ թվում՝ Արցախից օկուպացված տարածքներում. իրանագետ

Իրան-Իսրայել լարվածության աճի ֆոնին իրանագետները նշում են Իսրայելի աջակից Ադրբեջանում ահագնացող վախերի մասին։

Հիշեցնենք՝ բրիտանական The Telegraph պարբերականում օրերս տեղ էր գտել հրապարակում, որը հղում տալով իրանական աղբյուրներին՝ նշել էր, թե Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է Իսրայելի փոխարեն հարվածել հարևան երկրներում, մասնավորաբար, Ադրբեջանում կամ Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջաններում գտնվող գաղտնի իսրայելական բազաներին։ Բաքվից շտապել էին հերքել իրենց տարածքում իսրայելական ուժերի առկայությունը։

«Երբ ամեն անգամ լարվում են Իրան-իսրայելական հարաբերությունները, այդ համատեքստում սկսում են խոսել նաև այն տարածքների մասին, որտեղ Իսրայելն ունի ռազմաբազաներ կամ տարբեր ներկայություններ, իսկ այդ տարածքները հայտնվում են Իրանի թիրախում։ Մասնավորապես, նման հարված եղել է Իրաքի Քրդստանում՝ Էրբիլում, որտեղ Իսրայելն ունեցել է  բազաներ։ Հենց այս համատեքստում է դիտարկվում նաև ադրբեջանական հանրապետությունը, որովհետև թեպետ ոչ պաշտոնապես, բայց խոսվում է Ադրբեջանում իսրայելական խորը ներկայացվածության մասին, այդ թվում՝ Արցախից օկուպացված տարածքներում «խելացի գյուղեր»-ի անվան տակ ռազմաբազաների առկայության։ Իրանական վերլուծական շրջանակները չեն բացառում, որ այդ տարածքները հետագայում որպես պլացդարմ են օգտագործվելու հենց Իրանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս պահին որքանո՞վ է իրատեսական և հնարավոր Իրանի կողմից Ադրբեջանի թիրախավորումը։

Իրանագետը նկատեց, որ հենց այս հանգամանքներն են նաև իրանցի տարբեր վերլուծաբանների ու գործիչների հիմք տալիս հայտարարելու, որ հնարավոր թիրախների շարքում կարող են լինել նաև ադրբեջանական պետության տարածքում գտնվող իսրայելական ուժերը։

Կարդացեք նաև

«Այս տեղեկատվական ֆոնին օրերս Ադրբեջանից եղավ պաշտոնական հերքում, թե Իսրայելն Ադրբեջանում չունի որևէ ռազմաբազա, բայց մենք գիտենք՝ հերքելը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ»,- շեշտեց նա։

Ահարոն Վարդանյանը չի կարծում, թե Իրան-Իսրայել լարվածությունը մոտ ժամանակում կվերաճի ուղիղ առճակատման։

«Դա ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ Իսրայելին․ երկուսն էլ հասկանում են, թե դա ինչ ռիսկեր է պարունակում, և, որ դա չի սահմանափակվելու միայն Իրանով և Իսրայելով։ Միջազգային այլ խաղացողներ էլ են հասկանում դրա լրջությունը,- պարզաբանեց նա՝ չբացառելով ինչպես նախկինում, այս անգամ՝ ևս հրթիռային և անօդաչու թռչող սարքերով Իսրայելի տարածքներին հարվածներ հասցնելու իրանական ռազմավարությունը,- Իսկ թե այդ հարվածները կլինեն ուղի՞ղ, կա միջնորդավորվա՞ծ․․․ Իրանը տարածաշրջանում ունի արբանյակային ուժեր, և կարող է իր ազդեցության տակ գտնվող երկրներից էլ հարվածներ հասցնել Իսրայելի ենթակառուցվածքներին, կամ իսրայելական բազաներին այլ տարածքներում, այդ թվում՝ ադրբեջանական տարածքներում»։

Հարցին, թե այս իրավիճակում ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը, իրանագետը պատասխանեց․ «ՀՀ-ն, ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում՝ ևս, պետք է առաջնորդվի բացառապես իր շահերը հաշվի առնելով»։

Հիշեցնենք՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է, թե Իրանն ինչպես պետք է արձագանքի այս գործողությանը։ Արևմտյան լրատվամիջոցները չեն բացառում, որ իրանական կողմը կարող է հարվածել Ադրբեջանի տարածքին, որտեղ Իսրայելը մեծ ներկայություն է հաստատել։

Տեսանյութեր

Լրահոս