Գազայում հրադադար հաստատելու գործարքը պետք է ավարտել. Շոլցը դիմել է Նեթանյահուին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման աճող սպառնալիքի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները ։
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան խստորեն դատապարտում է Իրանից, լիբանանյան «Հզբոլլահից» և Իսրայելին սպառնացող այլ ուժերից բխող սպառնալիքները:
«Շոլցը նշել է, որ հատկապես կարևոր է դադարեցնել հաշվեհարդարի գործողությունների շղթան և քայլեր ձեռնարկել տարածաշրջանի լարվածությունը նվազեցնելու համար», – ասել է Բյուխները։
Կանցլերը նաև շեշտել է պատանդներին ազատ արձակելու գործընթացն ավարտելու և հրադադարի հասնելու անհրաժեշտությունը:
«ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում շատ նպատակներ արդեն ձեռք են բերվել, սակայն դա զգալի տառապանքների է հանգեցրել Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում։ Ռազմական գործողությունների դադարեցումը կարևոր քայլ կլիներ դեէսկալացիայի ճանապարհին», – ասել է Շոլցը։