Կմեկնարկի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների վերաբերյալ քաղաքացիների դեմ հարուցված գործով դատավարությունը. մեղադրյալների թիվը 16-ն է․ «Փաստինֆո»

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների դեմ հարուցված քրեական գործը դեպքից շուրջ երկու ամիս անց արդեն դատարանում է: Օգոստոսի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, նախատեսված են գործով նախնական դատալսումները: Մեղադրյալների թիվը բավականին մեծ է` 16 անձ: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջին դատական նիստին կքննարկվի մեղադրյալներից մի քանիսի խափանման միջոցի հարցը: Մեղադրյալների մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, կա նաև տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալ:

Նշենք, որ մեղադրական եզրակացությունը դատարանը ստացել է 2024 թի հուլիսի 30ին: Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին , Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի,Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին , Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին,Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից միայն Էդգար Յուխանաևն է մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի ` զանգվածային անկարգությաններին մասնակցելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ, բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը: Բարձրացված աղմուկից և ներկայացվող հաղորդումներից հետո միայն իրավապհները քրեական վարույթ նախաձեռնեցին` ոստիկանության գործողությունների համաչափության առնչությամբ, սակայն առ այս պահը որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում: Փոխարենը, իրավապահները ջանասիրաբար հետապնդումներ են իրականացնում հավաքին մասնակից քաղաքացիների նկատմամբ և հապճեպորեն քրեական գործեր դատարան ուղարկում:

Տեսանյութեր

Լրահոս