
Ծանրորդները «Հայաստանի տանը» հանդիպեցին երկրպագուներին

Փարիզի 17-րդ թաղամասում` Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնաշենքում գործող Հայաստանի տանը, հյուրընկալվել էին Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ծանրորդները:
Երկրպագուների հետ վերջին հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ՕԽ նորընծա արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը, ներկաներին ողջունելով, շնորհակալություն հայտնեց մեծ աջակցության համար:
Հայաստանի ընտրանու նախկին անդամ, այժմ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը Փարիզի ծանրամարտի դահլիճում ներկա հայ երկրպագուների մեծ թիվը համեմատեց Երևանում կայացած ծանրամարտի ԵԱ-ի բուռն մթնոլորտի հետ:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը առանձնակի ընդգծեց, որ Փարիզ Օլիմպիական խաղերն անցել են հարազատության մթնոլորտում:
«Մեզ համար դուք բոլորդ այստեղ Ազնավուրներ էիք, Հայաստանը ներկայացնող Ազնավուրներ: Շնորհակալ ենք մեծ աջակցության համար»,- ասաց Ալավերդյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը առանձնակի ընդգծեց Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցության կարևորությունը:
«Հայաստանի տանն առաջին անգամ հայ երկրպագուն հնարավորություն է ունեցել մրցման հաջորդ իսկ օրը հանդիպել մարզիկների, մարզիչների հետ: Նախաձեռնությունը հաջողված է: Շնորհակալություն ՀԲԸՄ-ին շենքը տրամադրելու համար, շնորհակալություն նախաձեռնության հովանավորներին` Fastex-ին, Unibank-ին, Ucom ընկերությանը»,- նշեց Գիլոյանը:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ` երեք արծաթե և մեկ բրոնզե: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ դարձան Արթուր Դավթյանը, Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, իսկ բրոնզ նվաճեց Մալխաս Ամոյանը: