
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևանի Հերացի փողոցի վերնանցումի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացել, որ Հերացի փողոցի վերնանցումի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Բեռնատարից և ավտոբուսից առկա է վառելիքի արտահոսք:Նշվում է, որ, ճշտված տվյալների համաձայն, 17 տուժածներ տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: