150.000 ԱՄՆ դոլար հերթական կանխավճարը՝ «ՍանիՏեքն՝ ընդդեմ Հայաստանի» գործով արբիտրաժային ծախսերը հոգալու համար
Վարչապետի աշխատակազմն օրերս հերթական գնումն է կատարել՝ «գնում չկատարելով»․ 2018 թվականից ներմուծված՝ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով աշխատակազմը 58 միլիոն 522.500 դրամ է ուղղել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին։ Ծախսը դարձյալ վերաբերում է «ՍանիՏեքի»՝ արբիտրաժային տրիբունալ հասած գործին։
Էլեկտրոնային գնումների armeps համակարգում հանրայնացված փաստաթղթից ծանոթանում ենք ICSID-ի պարզաբանմանը, որով մասնավորապես տեղեկացնում են՝ գումարն անհրաժեշտ է՝ նկատի ունենալով դատավարության հաջորդ փուլում կատարվելիք ծախսերի չափը։
«Համաձայն ICSID Վարչական և ֆինանսական կանոնակարգ 16-ի, վճարումը պետք է կատարվի 30 օրերի ընթացքում, այսինքն՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը»,- նշված է միջազգային կենտրոնի կողմից ուղարկված նամակում։
Հիշեցնենք՝ գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 6-ին:
168.am-ը դեռ 2021 թվականի ապրիլին տեղեկացրել էր՝ Երևանի աղբահանությունն իրականացնող «ՍանիՏեք» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան: «ՍանիՏեք»-ը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնում էր, որ կրած վնասները, ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում, գերազանցում են 25 միլիոն ԱՄՆ դոլարը:
Հիշեցնենք` «ՍանիՏեքն» արբիտրաժային դատարան դիմելու մտադրությունների մասին հայտնել էր դեռ 2019 թվականին: Հենց այդ ժամանակ 168.am-ն առիթ ունեցել էր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվելու՝ արդյո՞ք Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի այն, որ «ՍանիՏեք»-ը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ «ՍանիՏեքը» խոշոր ներդրող է, որին ի պատասխան՝ Հայկ Մարությանը վստահեցրել էր. «Ընդհանրապես չի հարվածի ՀՀ վարկանիշին, որովհետև խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «ՍանիՏեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «ՍանիՏեք» ընկերության հետ, կապված նախ՝ պետության հանդեպ պարտավորությունների հետ, որովհետև հարկային խնդիրներ ունի»: Մեկ այլ առիթով էլ նախկին քաղաքապետը նկատել էր. «Մենք ընդհանրապես ոչ մի մտավախություն չունենք՝ կապված արբիտրաժի հետ»:
Թեմայի առնչությամբ 168.am-ը հարցադրումներ էր հղել նաև «ՍանիՏեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է գնահատում շանսերը միջազգային արբիտրաժային դատարանում:
«Մենք հայցի ներկայացմանը պատրաստվել ենք մեկ ու կես տարի և մեր թիմում ներգրավել ենք փորձաքննության ու իրավաբանական խորհրդատվության լավագույն մասնագետներին: Թող ժամանակը ցույց տա, թե ով կհաղթի, բայց ես վստահեցնում եմ, որ դեռ շատ անակնկալներ են սպասվում»,- ասել էր նա:
Արդյո՞ք 2019 թվականին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հարուցած քրեական գործը կնվազեցնի ընկերության շանսերը դատարանում՝ մեր մեկ այլ հարցին ի պատասխան էլ՝ նա նշել էր. «Չէի ուզենա մեկնաբանել»:
Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար ու «ՍանիՏեք»-ի իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով քաղաքը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել:
Հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Քննչական կոմիտե: