Միլիարդներ են տալիս, որ իրենց ավելի լավ զգան

Վերջերս կառավարությունը պետական բյուջեից 2 մլրդ դրամի հերթական օժանդակությունը հատկացրեց ՏՏ ոլորտի ընկերություններին։ Մինչ այդ էլ՝ առաջին փուլով հատկացրել էր 1,5 միլիարդ։

Ընդհանուր առմամբ, այս տարի պատրաստվում են ՏՏ-ին տրամադրել 5 մլրդ դրամի պետական ուղղակի ֆինանսական աջակցություն։

Ոչ մի այլ ոլորտ այսպիսի հոգածության չի արժանանում կառավարության կողմից, ինչպես ՏՏ-ն։ Չնայած այդ ոլորտներում էլ խնդիրները քիչ չեն։

Միլիարդների աջակցություն են տալիս մի ոլորտի, որը մեր տնտեսության ամենահարուստ ճյուղերից մեկն է, եթե ոչ՝ ամենահարուստը։

Կարդացեք նաև

Այստեղ ամենաբարձր աշխատավարձերն են վճարում՝ 2-3 հազարից՝ ընդհուպ մինչ 8-10 հազար դոլար։

Հայաստանի չափանիշներով, ՏՏ-ում շատ բարձր աշխատավարձեր են վճարում, բայց չի դադարում ֆինանսական ոչ պակաս մեծ օժանդակություն տրամադրել նաև կառավարությունը։ Այն պարագայում, երբ ՏՏ-ն, ըստ էության, Հայաստանում տնտեսական արդյունք գրեթե չի ստեղծում։ Աշխատում է հիմնականում դրսի պատվերների վրա և, կարելի է ասել՝ ընդամենը աշխատատեղեր է ապահովում։

Լավ է, որ բարձր վճարվող աշխատատեղեր է ապահովում, թեկուզ դրա տնտեսական արդյունքը շատ փոքր է։ Եթե նույնիսկ դա էլ չլիներ, միայն այն, որ ՏՏ-ն բարձր վճարվող աշխատատեղեր է ապահովում մեր երկրում, կարելի էր բավարար համարել։

Բայց այն, ինչ տեղի է ունենում այս ոլորտում իրականացվող քաղաքականության առումով, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Կառավարությունը պետական միջոցների հաշվին հսկայական գումարներ է տալիս, որպեսզի ՏՏ-ում զբաղվածների, առանց այն էլ՝ չափազանց բարձր վճարվող աշխատավարձերը պահպանվեն, նաև ավելի շատ բարձրանան։

Մի կողմ թողնենք այն, որ սրանով տնտեսության տարբեր հատվածների նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում, հարկատուների վճարած փողերով խրախուսում են մի ոլորտի, որն իրեն առանց այն էլ վատ չի զգում՝ բարձր աշխատավարձեր է վճարում, ճոխ ծախսեր է անում։

Սրանով կառավարությունը խորացնում է մեր երկրում սոցիալական բևեռացումը։

Խրախուսում ու օժանդակում է մի ոլորտի, որտեղ սոցիալական պաշտպանվածության մակարդակն անգամներով բարձր է, հիմնական ծախսերն աշխատավարձերի ծախսերն են։

Վերջին տվյալներով, միջին աշխատավարձը ՏՏ-ում գերազանցում է ընդհուպ 850 հազար դրամը, ինչը երեք անգամ ավելի է միջին աշխատավարձից։

Ու չնայած դրան, մինչ տնտեսության բազմաթիվ ոլորտներ զրկված են նման օժանդակությունից՝ պետական միջոցներից միլիարդներ են ուղղվում ՏՏ-ում ընդամենն աշխատատեղերի պահպանմանն ու բարձր, չափազանց բարձր աշխատավարձեր վճարելու համար։

Մինչև ե՞րբ պիտի պետությունը միլիարդներ տա, որպեսզի ՏՏ-ն իրեն լավ զգա, աշխատողներին բարձր աշխատավարձեր վճարի։ Եթե այդքանից հետո էլ չեն կարողանում մրցակցել, մնալ ջրի երեսին, թող փակվեն, թող գան նրանք, ովքեր մրցունակ կլինեն։

Թե չէ, սովորել են նստել, պետությունից անընդհատ փող պահանջել ու ստանալ։

Տարեկան առնվազն 10-12 մլն դոլար, չհաշված լրացուցիչ օժանդակությունները։

Անցած տարի գրեթե 25 մլն դոլարի պետական աջակցություն ստացան։ Որևէ այլ ոլորտ չստացավ, միայն ՏՏ-ն։

Ասում են՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալի կօժանդակի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը, պայմաններ կստեղծի տարածաշրջանի երկրների համեմատ համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծման և բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավման համար։

Բայց ի՞նչ ունենք։ Անգամ այդքան աջակցությունից հետո ոլորտը հետընթացի մեջ է։

Ոչ միայն զարգացում ու առաջընթաց չկա, այլև իրավիճակը գնալով վատանում է։

Արտադրության ծավալներն են նվազել։

Այս տարվա առաջին հինգ ամիսներին ՏՏ-ում բավական մեծ անկում է արձանագրվել։ Արտադրության ծավալները գրեթե 10 տոկոսով կրճատվել են։

Անկումը գնալով խորանում է։

Առաջին եռամսյակում այն կազմել էր 8,3 տոկոս։ Հինգ ամսում հասել է 10 տոկոսի։

Անկումը կապված է հիմնականում ծրագրային ապահովման մշակման և հարակից գործունեության հետ։ Այն, ինչ ոլորտի հիմնական գորառույթն է։

Մարտին ոլորտում անկումը կազմեց գրեթե 8 տոկոս, ապրիլ-մայիսին հասավ 19 տոկոսի։

Այսպես է զարգանում ՏՏ-ն, անգամ այդքան հսկայական ֆինանսական հատկացումներից հետո։ Պետական բյուջեից մեծ միջոցներ են տրամադրվում ոլորտին, բայց նույնիսկ աճ չկա։ Այդ պայմաններում ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք լինել։ Այդքան օժանդակությունից հետո էլ ակտիվություն չկա։

Մինչդեռ՝ տնտեսության բազմաթիվ ոլորտներ կան, որոնք վերջին տարիներին մեծապես տուժել են, ֆինանսական լուրջ կորուստներ են կրել՝ զուտ այն պատճառով, որ ազգային արժույթն ամրապնդվել է, դժվարություններ ստեղծել արտաքին շուկաներում։ Բայց ուշադրություն դարձնող չկա, ոչ մի օժանդակություն չեն ստանում, կառավարությունը ոչնչով չի օգնում։

ՏՏ-ն է, որ գտնվում է իշխանության հոգածության տակ։ Ու մինչ կառավարությունը միայն ՏՏ-ին է տեսնում, այդ ոլորտներում խնդիրները խորանում են, արտադրության ծավալներն են կրճատվում, իրացման շուկաներում մրցունակությունն են կորցնում։

Իրական տնտեսությունը, տնտեսության արտահանելի հատվածը հատնվել է սարսափելի ծանր վիճակում, բազմաթիվ ոլորտներում անկում է, մի կերպ են դիմանում, իսկ կառավարությունը չի էլ ուզում ինչ-որ կերպ օժանդակել, որպեսզի կարողանան հաղթահարել այս իրավիճակը։ Բացառապես ՏՏ-ի նկատմամբ է այդքան առատաձեռն։

Մի գլուխ փող է տալիս, որի տնտեսական արդյունքը տեսնում ենք անկման տեսքով։ Միայն ոլորտում գործող, առանց այդ էլ՝ չափազանց բարձր աշխատավարձերն են անընդհատ բարձրանում, իսկ արտադրության ծավալները, ինչպես տեսնում ենք, նվազում են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս