Մայրաքաղաքում խարդախության նոր մեթոդ է արձանագրվել. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել:
Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել են, մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար։
Հուլիսի 27-ից մինչև օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 28 դեպք:
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից: