Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան. ԱԴԾ

Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, ուր ամենից հաճախ զբոսաշրջային ուղևորություններ են կատարում ռուսները։ Այս մասին, ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝  հայտնում է РБК–ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրության տվյալները։

2024 թվականի վեց ամսվա ընթացքում ռուսաստանցիները զբոսաշրջային նպատակներով 4,9 միլիոն ուղևորություն են կատարել արտերկիր, ինչը 20%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ (4,1 միլիոն ուղևորություն): Այն երկրների թվում, ուր առավել հաճախ են մեկնել ռուսները զբոսաշրջության նպատակով, Թուրքիան է, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Թաիլանդը և Չինաստանը:

«Տասնյակում են հայտնվել նաև մերձավոր արտերկրի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Վրաստանը։ Հեռավոր արտասահմանյան երկրներից՝ Կուբան»,-նշում է պարբերականը։

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների մուտքերի թվով բացարձակ առաջատարը, հաշվի առնելով բոլոր նպատակներով այցերը, Թուրքիան է: Ռուսաստանցիների հոսքը Թուրքիա 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, աճել է 9,4%-ով (մինչև 2,5 մլն ուղևորություն)։

Ռուսաստանից Չինաստան հոսքը երեք անգամ աճել է (793,4 հազար ուղևորություն)։ Ամենաշատ այցելվող երկրների տասնյակում են նաև Թաիլանդը (ուղևորությունների թիվն աճել է 30%-ով) և Եգիպտոսը (+15%):

«Ռուսաստանցիների զանգվածային ուղղությունների թվում է հայտնվել նաև Ղազախստանը, թեև այդ երկիր ուղևորությունների թիվը մեկ տարում կրճատվել է 9 տոկոսով, մինչև 1,2 մլն: Բացի այդ, մերձավոր արտասահմանի երկրներից ռուսաստանցիներն առաջին կիսամյակում ավելի քիչ են այցելել Հայաստան. ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 17 տոկոսով՝ հասնելով 452,8 հազարի (մեկ տարի առաջվա 545,7 հազարի փոխարեն): Փոխարենը ՌԴ քաղաքացիները սկսել են ավելի հաճախ մեկնել Վրաստան՝ 522,7 հազար (+31,5%) և Ադրբեջան՝ 340 հազար (+26%)»,-գրում է պարբերականը։

Նշենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 947 512 զբոսաշրջիկ, ինչը 57 651-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (1 005 163)։ Նրանց գրեթե կեսը՝ 41%, Ռուսաստանից այցելուներն են (396 հազար)։ Զբոսաշրջային աճ ապահոված երկրների թվում են նաև Վրաստանը՝ 13% (127 հազար) և Իրանը՝ 7% (69 հազար): Հնգյակում են Հնդկաստանը՝ 3% (24,9 հազար) և ԱՄՆ-ն՝ 2% (17 հազար)։

Տեսանյութեր

Լրահոս