Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։
BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ ռուսական ուժերն առաջխաղացում են գրանցում Դոնբասում։ Մի քանի հատվածներում ուկրաինական բանակի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։
Ըստ պարբերականի ռազմական մեկնաբան Իլյա Աբիշևի՝ հատկապես ծանր իրավիճակում են հայտնվել Պոկրովի և Տորեցկի հատվածում գտնվող ուկրաինական զինվորական ստորաբաժանումները։
Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական ուժերն իրենց դիրքերին են հարվածել 11 ուղղություններում։ Առաջնագծում տեղի է ունեցել 127 մարտական բախում։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում ռուսական ուժերի հարվածից բնակելի շենքում մեկ կին է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Իսկ Խերսոնում, ըստ տեղի իշխանությունների, ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից 1 տղամարդ է զոհվել, 1 կին՝ վիրավորվել։ Ռուսական 4 ԱԹՍ-ի խոցման մասին հայտնել են նաև Դնոպրոպետրովսկի մարզում։Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Կուրսկի մարզում և Կրասնոդարի երկրամասում ուկրաինական 6 ԱԹՍ խոցելու մասին։ Իսկ Բելգորոդի մարզում, ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, Շեբեկինո քաղաքի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է տուժել։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուկրաինական ուժերը ԱԹՍ-ով հարվածել են նաև Դոնեցկի շուկաներից մեկին, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։
Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները նաև հայտնում են կողմերի միջև զոհված զինծառայողների մարմինների փոխանակման մասին։ Ուկրաինան Ռուսաստանին վերադարձրել է 38 զոհված զինծառայողի մարմին, իսկ Ռուսաստանն Ուկրաինային՝ 250։