Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքում հանցավորության մակարդակը նվազել է
Օլիմպիական խաղերի մեկնարկից ի վեր իրավապահները Փարիզում և նրա մերձակայքում ձերբակալել են 200 մարդու:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենին:
«Բերման է ենթարկվել է 200 մարդ, որոնցից 180-ը վերցվել է կալանքի տակ», – ասել է նախարարը։
Նա նշել է, որ խաղերի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է հանցավորության մակարդակի «շատ զգալի» նվազում։ Դարմանենի խոսքով՝ ուժի կիրառմամբ կողոպուտների թիվը նվազել է 24 %-ով, ավտոմեքենաների առևանգումների թիվը՝ 10 %-ով։
Նախարարը հանցավորության մակարդակի նվազումը պայմանավորել է այն հանգամանքով, որ Օլիմպիական խաղերի ժամանակ կարգուկանոն ապահովելու համար գործի են դրվել չափազանց մեծ թվով իրավապահներ:
Իլ դը Ֆրանս տարածաշրջանում օլիմպիական օբյեկտների շրջանում տեղակայվել է 35 000 ոստիկան և ժանդարմ, 18 000 զինվորական և անվտանգության մասնավոր ընկերությունների մի քանի հազար աշխատակից:
Փարիզի Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 26-ին և կտևեն մինչև օգոստոսի 11-ը։