
ԱՄՆ-ն ողջունել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ն ողջունել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկար ժամանակ փակված սահմանին՝ հարաբերությունների կարգավորման բանակցությունները անվանելով «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման դրական քայլ»:
«Մենք ողջունում ենք այս հանդիպումը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում է որպես դրական քայլ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում», – այս մասին թուրքական Anadolu գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը:
«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, և մենք վճռական ենք աջակցելու այդ գործընթացին։ Եկել է խաղաղության ժամանակը»,- հավելել է մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը երեքշաբթի հանդիպել են ընդհանուր սահմանին։