Հայաստանը բարելավել է դիրքերը RSF-ի մամուլի ազատության ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières (RSF) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որտեղ ընդգրկված 180 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 43-րդ հորիզոնականում։ 2023 թվականին Հայաստանը 49-րդն էր ինդեքսում։

Զեկույցում նշվում է, որ չնայած երկրում առկա բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հրապարակած զեկույցում նաև հավելում է, որ սոցիալական մեդիան, որը հասանելի է բնակչության երկու երրորդի համար, տեղեկատվության հիմնական աղբյուրն է:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի մյուս երկրներին։  Օրինակ՝ Ադրբեջանում մամուլի ազատության վարկանիշը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ անկում է ապրել՝ 151-ից նվազելով 164-րդ հորիզոնական։

«Մինչ նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած տեսք, նա 2014 թվականից ի վեր անխնա պատերազմ է վարել մնացած բոլոր քննադատների դեմ», – նշում է զեկույցը:

Վրաստանի վերաբերյալ զեկույցի արդյունքներով՝ նախորդ տարվա համեմատ երկրի վարկանիշը ևս անկում է ապրել՝ 77-ից նվազելով 103-րդ հորիզոնականի։ «Պաշտոնական միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը», – ասվում է զեկույցում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախորդ տարվա 177-ի փոխարեն զբաղեցնում է աղյուսակի 176-րդ հորիզոնականը։

Թուրքիայի դեպքում զեկույցն արձանագրել է բարելավում․ նախորդ տարվա համեմատ երկիրը 165-րդ հորիզոնականից բարձրացել է 158-րդ հորիզոնական։ «Թուրքիայում ավտորիտարիզմի աճով լրատվամիջոցների բազմակարծությունը կասկածի տակ է դրվում: Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են քննադատներին ճնշելու համար», – նշում է զեկույցը։

Տեսանյութեր

Լրահոս