Հայության առջև ծառացած են բարդ խնդիրներ՝ անելիքներ ունենք, որոնց մեջ մեր գերիներն են, Արցախն ու Հայաստանի անվտանգությունը. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց ավելի քան  9 ամիս շրջափակման մեջ գցած Արցախի Հանրապետության դեմ, որը շարունակվեց  արցախահայերի բռնի տեղահանությամբ: Իսկ երբ հայկական վերահսկողության տակ գտնվող Արցախը գրեթե դատարկված էր, Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալեցին ու Բաքու տեղափոխեցին  երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Ավելի քան 10 ամիս Բաքվի բանտերում են պահվում ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նրանց հետ ադրբեջանական գերության մեջ են  նաև դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո  գերեվարված հայեր:

Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքուն շինծու  գործեր է հարուցել ու մի քանի հոդվածով մեղադրանքներ առաջադրել:  Այս տարվա մայիսին նրանց բոլորի կալանքի ժամկետը ևս 5 ամսով երկարացվեց:

Օրերս Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բաց նամակով դիմել էր հայերին, որտեղ անդրադարձել էր COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։ Նա հայությանը կոչ էր արել մինչև նոյեմբեր նախաձեռնել մեդիաարշավ, որպեսզի Ադրբեջանը համաժողովին որևէ պահանջ չներկայացնի Հայաստանին, իսկ հայկական կողմին հաջողվի գերությունից ազատել Բաքվում բռնի պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նա ասել էր, որ չպետք է թույլ տրվի, որպեսզի COP-29-ը Բաքվում տեղի ունենա հայ պատանդների առկայության պայմաններում՝ ընդգծելով, որ մինչև նոյեմբեր հայ ազգը պետք է համախմբվի ու մեդիաարշավ սկսի։

Կարդացեք նաև

168.am  հետ զրույցում Հայ Առաքելական Եեեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադառնալով  հայկական կողմի անելիքների մասին Օկամպոյի կոչին, նախ ասաց՝ եթե հայասեր մարդիկ են նման կարծիք հայտնել, ապա այն ընդունում ու հարգում են։

«Սակայն մեզ միավորվելու ու որևէ գաղափար առաջ տանելու համար, կարծում եմ՝ ունենք այդ մտածումները, գիտելիքները, ցանկությունը՝ միավորվելու և արտահայտելու մեր կամքը։ Դա կլինի Բաքվում կազմակերպվող COP-29-ը միջոցառման ժամանակ, թե այլ համաժողովում։ Հայկական կողմն իր թեկնածությունը հանել է, որպեսզի այդ համաժողովն անցկացվի Բաքվում, արդեն պարզ է պետական մակարդակով Հայաստանի դիրքորոշումը, այսինքն՝ պետական մակարդակով դատապարտող որևէ հայտարարություն չի լինելու»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը։

Ինչ վերաբերում է Օկամպոյի հայտարարությանը, որ հայկական կողմը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողությունները, թույլ չտա, որպեսզի այնտեղ մնան հայ գերիներ, Արցախի թեմի առաջնորդն ասաց, որ վերջին շրջանում ավելի լուրջ ու ցավալի դեպքեր են տեղի ունեցել հայ ազգի կյանքում, որոնք կարող էին ազդակ դառնալ ժողովրդի միավորման համար, սակայն միավորում չեղավ։

«Խոսքը վերաբերում է Արցախի կորստին, որը կարող էր ազդակ լինել ազգի համախմբմանը։ Հիմա ես չգիտեմ, որ նման մարդու խոսքից հայությունը կարո՞ղ է ոտքի կանգնել և միավորվել՝ կասկածում եմ։ Երևի ավելի նպաստավոր պայմաններ են պետք, հայ ազգն ավելի լավ գիտակցի այն վտանգը, որ գալիս է մեզ վրա, որպեսզի այդ քնից ու թմբիրից արթնանա ու միավորվի, անկախ նրանից, թե Ադրբեջանում ինչ է տեղի ունենում»,- շեշտեց  Արցախի թեմի առաջնորդը։

Ինչ վերաբերում է Բաքվում պատանդառության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրին, սրբազանը նկատեց՝ հավանաբար մութ ուժերի համար հասկանալի է, թե ինչու են նրանք պահվում Բաքվում, և ինչ գործընթացների հետ է կապված նրանց հետագա բաց թողնելը։

«Մեզ համար պարզ չէ, թե ինչու են այդ մարդիկ պահվում Բաքվում։ Հարցադրումները մեր կողմից շատ են, նաև հարազատների, արցախահայերի ու մտահոգ մարդկանց կողմից։ Այլապես պատերազմն ավարտվել է, և պատերազմից հետո այսքան երկար ժամանակ մեր գերիներն ու պատանդներն անհիմն պահվում են Բաքվում։

Սա ոչ միայն մեր խնդիրն է, այլև միջազգային հանրության, որը լուռ հետևում է և ոչինչ չի անում։ Ամենքս շատ անելիքներ ունենք, որոնց մեջ մեր գերիներն են, Արցախը ու մեր Հայաստանի անվտանգությունը։ Այնպես որ, հայության առջև ծառացած են բարդ խնդիրներ, որոնք լուծելու անհրաժեշտություն կա»,- եզրափակեց գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս