Բաժիններ՝

Սպահանի բնակիչը հեծանիվով հասել է Երևան՝ հայ ժողովրդին փոխանցելու իր համաքաղաքացիների ուղերձը

42-ամյա իրանցի Ջավադ Քեյշթգյարը հեծանիվով եկել է Երևան՝ իր հետ բերելով հայ, վրացի և իրանցի ժողովուրդների բարեկամությունը վերահաստատող խաղաղության ուղերձը, որը հեղինակել են Սպահանի բնակիչները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջավադ Քեյշթգյարը նշեց, որ իր յուրահատուկ ճամփորդությունը սկսել է Բաթումիից, շրջել Վրաստանի տարբեր քաղաքներում և մեկ ամիս անց հատել վրաց-հայկական սահմանը, որպեսզի մեր երկրում շրջագայելուց ու նաև հայերին խաղաղության ուղերձը փոխանցելուց հետո վերադառնա Սպահան։

«Իմ նպատակն է ևս մեկ անգամ վերահաստատել երեք ժողովուրդների, մանավանդ հայերի և իրանցիների ընկերությունն ու բարեկամությունը։ Սպահանում ապրում են հազարավոր հայեր, և մենք ունենք հրաշալի փոխհարաբերություններ։ Բացի այդ, մենք պատմության ընթացքում ունեցել ենք սերտ կապեր և ընդհանրություններ, այսօր էլ մեր ժողովուրդների միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ։ Ես բերել եմ Սպահանի քաղաքացիների խաղաղության ուղերձը, որպեսզի մեր հարաբերությունները մշտապես մնան կայուն և լինեն հարատև»,- ասաց Ջավադ Քեյշթգյարը։

Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և պետական սահմանը հատելու առաջին իսկ պահից ունեցել է մեծ տպավորություններ ու ջերմ զգացումներ։ Նրան տեսնելով՝ բազմաթիվ հայաստանցիներ մոտեցել են, զրուցել և գովասանքի արժանացրել նրա առաքելությունը։  Ջավադ Քեյշթգյարը տուրիստական գործակալության զբոսավար է, նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ, հանգամանորեն ուսումնասիրել է հայ և իրանցի ժողովուրդների պատմությունը, հպարտանում է ժողովուրդների համերաշխությամբ։ Հենց այդ ամենն էլ խթանել է Վրաստան և Հայաստան այցելելու գաղափարը։ Նա պատրաստվում է անմոռանալի տպավորությունները պատմել իր աշակերտներին և համաքաղաքացիներին։

Ջավադ Քեյշթգյարը ներկայացրեց խաղաղության ուղերձը, որում նշված էր, որ Իրանի հետ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ունեն հարյուրավոր տարիների վաղեմություն։ Այդ անկեղծ ու բարեկամական կապերի հիմնական պատճառներից մեկը երեք երկրների ժողովուրդների միջև մշակութային ընդհանրություններն են։«Մշակութային բազմաթիվ նմանությունների բերումով Հայաստանն ու Վրաստանը նախընտրելի ուղղություն են դարձել իրանցի զբոսաշրջիկների համար։ Իրանցիները թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում արժանանում են այնպիսի ջերմ ընդունելության ու բարյացակամ վերաբերմունքի, ասես մեկնած լինեն ներքին ճանապարհորդության։

Փաստորեն, նշված երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններից մեկը կարելի է համարել ջերմ ու անկեղծ հարաբերություններ հաստատելու ցանկությունը, որն Արևելքի ժողովուրդների լավագույն հատկանիշներից մեկն է։ Որպես օրինակ՝ հայերն ու վրացիները զրուցելիս և հատկապես հուզված ժամանակ խոսում են բարձրաձայն ու մտերմաբար։ Նրանք հակված են օգտագործել մարմնի լեզուն, ինչը կարելի է տեսնել նաև իրանցիների մեծամասնության մոտ։ Հետաքրքիրն այն է, որ նույնանման վարքագծերից բացի, երկու երկրների հարուստ մշակույթը, ժողովրդի պարզությունը, ազնվությունն ու խաղաղասիրությունը  նրանց դրական էներգիան փոխանցում է իրանցի զբոսաշրջիկներին և պատճառ հանդիսանում երեք երկրների ժողովուրդների առավել մերձեցմանը»,- նշված է խաղաղության ուղերձում։

Սպահանի քաղաքացիները հպարտանում են Սպահան-Երևան քույր քաղաքների համագործակցության 24-ամյա անցյալով և Սպահանի Նոր Ջուղա թաղամասում (Իրանի կրոնների համակեցության կենտրոն) հայ քաղաքացիների ներկայությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատում Վրաստանի քաղաքացիների բնակությունը Սպահան նահանգի Ֆերեյդունշահր քաղաքում, որն Իրանի ամենամեծ վրացաբնակ քաղաքն է։

«Մաղթում ենք քաղաքների և երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդում և զարգացում»,- ասված է Սպահանի քաղաքացիների ուղերձում։Մանվել Մարգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս