Վենեսուելայում ընտրությունների արդյունքները բողոքարկող ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել
Վենեսուելայի նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի հայտարարումից հետո հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կարակասում՝ նախագահական պալատի մոտ։
BBC-ն հաղորդում է, որ իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են արձակել։ Ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծ են, և պնդում է, որ ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը ստացել է ձայների 73,2 %-ը։ Էքզիթ փոլերի արդյունքները նույնպես ցույց են տվել, որ հաղթանակ է տարել Գոնսալեսը։ Կարակասի փողոցներում մեծ թվով զինվորականներ և ոստիկաններ են տեղակայվել, ինչպես նաև ջրցան մեքենաներ՝ թույլ չտալու ցուցարարներին մոտենալ նախագահական պալատին։ Ցուցարարներն անվադողեր, աղբ և մեքենաներ են այրել։ Իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ դատախազության՝ 32 մարդ ձերբակալվել է։ Լատինական Ամերիկայի ինը երկրների (Արգենտինա, Կոստա Ռիկա, Էկվադոր, Գվատեմալա, Պանամա, Պարագվայ, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն և Ուրուգվայ) կառավարություններ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Վենեսուելայում նախագահական ընտրությունների ընթացքի առնչությամբ և կոչ են արել վերանայել դրանց արդյունքներն անկախ դիտորդների ներկայությամբ։ Երկրները նաև Ամերիկյան պետությունների կազմակերպության մշտական խորհրդի նիստ են հրավիրել, որը տեղի կունենա հուլիսի 31-ին։Ի պատասխան՝ Կարակասը հետ է կանչել իր դիվանագիտական առաքելությունների բոլոր աշխատակիցներին յոթ երկրներից՝ Արգենտինայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Կոստա Ռիկայից, Պանամայից, Պերուից, Ուրուգվայից և Չիլիից։ Վենեսուելայի արտգործնախարարությունը լատինաամերիկյան երկրների հայտարարությունն անվանել է միջամտություն Վենեսուելայի ներքին գործերին։
Ըստ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովի՝ Նիկոլաս Մադուրոն հավաքել է ձայների 51 %-ը՝ երրորդ ժամկետով դառնալով երկրի նախագահ։