«Ջրի խնդրից զատ, ճանապարհի հարցն է դժվար, գյուղից մինչև Վարդենիս ու հարակից գյուղ ասֆալտ չկա, հողից ճանապարհ է». Նորաբակի վարչական ղեկավար
2021 թվականի մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր խմելու ջրի մեծ խնդիր ունեն, քանի որ թշնամու զավթած տարածքներում են մնացել ջրի ակունքներ։ Գեղամասարում, Նորաբակում և մի քանի այլ գյուղերում ջուրը կա՛մ քիչ է, կա՛մ առհասարակ չկա։ Արդեն երրորդ տարին է՝ այդ գյուղերի բնակիչների հույսը մնացել է անձրևը: Եթե տարին տեղումնառատ է լինում, ջուրը շատանում է, ու նրանք կարողանում են խմելու ջուր ունենալ և դույլերով այլ տեղերից չեն բերում։
168.am-ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն ասաց, որ այս տարի եղանակն անձրևային է եղել, գարնան բացվելուն պես անձրևները շատ են եղել, դրա համար բնակիչները դեռևս խմելու ջրի խնդիր չեն ունեցել։
«Ինչքան ջուր ունենք, սարից իջնում է, բաժանվում է բնակիչներին։ Մենք այսքան ժամանակ չենք կարողանում այդ խնդիրը լուծենք, ակունքները թշնամու հսկողության տակ են։ Եթե, օրինակ, տարին չորային լիներ, ապա մենք մեծ խնդիր էինք ունենալու։
Հիմա էլ բնակիչները մի քանի մետր հեռավորությունից գնում խմելու ջուր են բերում, բայց գոնե կա, որ բերում են, որ ասեմ՝ խմելու ջուրը բոլորի բակերում կա, չէ, չկա»,- նշեց Նորաբակի գյուղապետը։
Նրա խոսքով՝ գյուղի ջրագծերը խորհրդային տարիներին են կառուցվել, տարիներ առաջ նոր ջրագծեր են անցկացվել, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ 2021 թվականի մայիսից ջրագծերի մի հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Ես նոր ջրագիծ անցկացնելու ծրագիր եմ կազմել, տվել Կառավարությանը, չգիտեմ, երևի կհաստատեն՝ նորը կկառուցվի, թե չէ չենք կարող մեր հույսը դնել միայն անձրևների վրա։ Ոռոգման ջրի վերաբերյալ նույնպես ծրագիր եմ ներկայացրել։
Ջրի խնդրից զատ, մեզ մոտ ճանապարհի հարցն է դժվար, մեր գյուղից մինչև Վարդենիս ու հարակից գյուղ ասֆալտ չկա, հողից ճանապահ է, անձևների դեպքում առհասարակ հնարավոր չէ այդ ճանապարհն օգտագործել։
Մեզ պատկան մարմիններից ասել են, որ իբր թե 2025 թվականից ճանապարհը կսկսեն վերանորոգել, բայց չեմ կարող ասել՝ կլինի՞, թե՞ չէ»,- նշեց Վազգեն Ասատրյանը։
Գյուղապետը, իհարկե, չի հաշվարկել, թե այդ ճանապարհի ասֆալտապատման համար որքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, քանի որ չի կարող հաշվարկել, թե այսօր շուկայում գործող գներով 1 քառակուսի մետր ասֆալտապատման համար որքան գումար է պահանջվում։
«Երկու ամիս առաջ համայնքապետարանից խնդրել, տեխնիկա եմ տարել, շեբեն ենք լցրել, մի քիչ սարքել էինք, բայց անձրևները կրկին քանդեցին, ու հիմա նորից երթևեկելը խնդիր է»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը։
Հիշեցնենք՝ 2020 թվականին Արցախի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) հայտարարությունից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 12-ից, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք, տեղակայվել էին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայվել էին Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ և պարբերաբար սադրանքների էին դիմում, կրակում գյուղերի ուղղությամբ։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեծ մասը հատկացնում ու ներկայացնում է, թե որ գյուղում որքան աշխատանք են արել՝ դպրոցներ կառուցել, ասֆալտապատում իրականացրել, և զարմանալի է, որ Նորաբակի ու նման այլ գյուղերի որևէ կերպ չի անդրադառնում, այն գյուղերի վիճակին, որոնք իր որոշման արդյունքում են հայտնվել թշնամու թիրախում։