Սոթքում և Նորաբակում այս պահին իրավիճակը հանգիստ է՝ հույս չկա, որ թշնամին հետ կգնա. գյուղապետեր

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ղեկավար Սևակ Խաչատրյանն ասաց, որ մեր զրույցի պահին իրավիճակը Սոթքում հանգիստ է։

Հարցին՝ կրակոցները Սոթքի վրա՞ են եղել, Սևակ Խաչատրյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Կարող եմ ասել, որ Սոթքում իրավիճակը հանգիստ է, թե որ ուղղությամբ են եղել կրակոցները՝ չեմ կարող ասել»։

Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն էլ 168.am-ին փոխանցեց, որ իրավիճակը գյուղում այս պահին նորմալ է։

«Թշնամին շարունակում է առաջ գալ, եթե նա վերջին 1,5 տարում հետ չի գնացել, հիմա պետք  է նստենք սպասենք, որ հետ կգնա, չի գնա։

Մարդիկ անտրամադիր ապրում են, ու չգիտեն էլ՝ մինչև ե՞րբ այսպես պետք է լինի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս