«Բնակիչները չգիտեն՝ ինչ կլինի, 50/50 է». Նորաբակի վարչական ղեկավար

Օրերս խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ հայ-ադրբեջանական սահմանին թշնամին կուտակումներ է անում, ասաց, որ կուտակումների մասին խոսելը, ինչ-որ տարածքներ ասելը բավականին անշնորհակալ գործ է։

«Կարող եմ ասել, որ, այո, վտանգը միշտ կա, մասնավորապես՝ վերջերս, երբ մենք համադրում ենք հայտարարությունները, գործողությունները և այն խոսույթը, որն ադրբեջանական մամուլում կա, և Ադրբեջանի փորձագետները հանդես են գալիս, ապա տեսնում ենք, որ դրա հավանականությունը բավականին բարձր է։ Կլինի՞, թե՞ չէ, դրա մասին որևէ մեկը որևէ բան չի կարող ասել, մենք հնարավորինս գտնվում ենք պատրաստ վիճակում՝ մեր հնարավորությունների սահմաններում»,- իր խոսքում նշել է Ալեն Սիմոնյանը։

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նույնպես, խոսելով թշնամու կուտակումների մասին, ասել էր, որ կուտակումները Վարդենիսի ուղղությամբ են, բայց դրանք ավելի շատ միտված են բնակչության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելուն։

168.am հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ թշնամու դիրքերը տեսնում են, սակայն դեռևս տեխնիկայի տեղաշարժ չեն նկատել։

Կարդացեք նաև

«Վերջին օրերի ընթացքում գյուղում կրակոցների ձայն չենք լսել, այսինքն՝ մեր կողմում չենք լսել, մյուս գյուղերի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։

Արդեն մի շաբաթ է՝ եղանակը անձրևային է, ձյուն կա, թե այս ամենն ավարտելուց հետո ինչ կարող է լինել՝ չեմ կարող ասել»,- նշեց Վազգեն Ասատրյանը։

Նրա խոսքով՝ ապրիլից, երբ եղանակը սկսի տաքանալ, մեկնարկելու են գյուղատնտեսական աշխատանքները, այդ ժամանակ չգիտի, թե թշնամին իրեն ինչպես կպահի, երբ, օրինակ, խաղաղ բնակիչներն աշխատեն դաշտում։

«Նախորդ տարի սեպտեմբերին հարձակվելու արդյունքում մենք գյուղատնտեսական աշխատանքները կիսատ թողեցինք, խոտհարքներում, մասնավորապես, վտանգը մեծ էր։ Բայց այս տարի չգիտեմ՝ ինչ կլինի։ Սարերում դեռ ձյուն է, գարունը բացվելու է, անասուններն արոտ են գնալու, չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել։

Բնակիչների տրամադրությունը սովորական է, այսպես ասեմ՝ չգիտեն՝ ինչ կլինի, 50/50 է,  դժվար է ասել՝ ինչ սպասենք»,- շեշտեց Վազգեն Ասատրյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, Նորաբակի վարչական ղեկավարն ասաց, որ առաքելության անդամները Նորաբակ չեն այցելել։

«Ես իրենց հետ չեմ հանդիպել, մեր գյուղ չեն եկել, մի այլ ճանապարհ ունենք, գուցե այդ ճանապարհով սահման են բարձրացել, բայց գյուղ չեն մտել։ Չեմ կարող ասել, նրանց ներկայությունն այստեղ որևէ բան կարո՞ղ է փոխել, թե՞ ոչ»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականին Արցախի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) հայտարարությունից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 12-ից, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Նրանք տեղակայվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայվել են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ և պարբերաբար սադրանքների են դիմում, կրակում գյուղերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս