«Վախ չունենք, բայց վտանգն ամեն վայրկյան կա. թշնամին՝ մեր դեմը, զենքն էլ՝ ձեռքին, մարդն ի՞նչ պետք է մտածի». Վերին Շորժայի ղեկավար
Ադրբեջանը շարունակում է տարբեր մեթոդներով սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի սահմաններին։ Վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար կրակում է Գեղարքունիքի մարզի Կախակն, Վերին Շորժա, Սոթք, Նորաբակ գյուղերի ու հարակից հայկական դիրքերի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր կրակում է.
«Դե, արդեն սովորական երևույթ է դարձել, այդ կրակոցները մեր առօրյայի անբաժան մասն են դարձել, այդ առօրյայով ենք ապրում։ Առավոտյան լույսը մեզ համար նույն ձևով բացվում է, երեկոյան՝ նույն ձևով մթնում։ Միշտ նույն զինատեսակներից են կրակում»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Նրա խոսքով՝ թշնամու կրակոցները չեն կարող խախտել գյուղի բնակիչների ծրագրերը, իրենք շարունակում են իրենց հողը մշակել, պարզապես վերջին օրերին եղանակն անբարենպաստ է, այդ պատճառով էլ չեն կարողանում հողը մշակել։
«Մառախուղի ժամանակ հնարավոր է՝ թշնամին քիչ կրակի։ Ասում եմ՝ այս ամենը սովորական է դարձել, վախ չունենք, մեր հողի մեջ մենք ումի՞ց պետք է վախենանք, բայց վտանգն ամեն վայրկյան կա։ Կրակում են, գուցե ինձ կպնի, գուցե, Աստված չանի, այլ մարդու, ի՞նչ իմանանք։ Ամեն դեպքում մարդիկ գիտակցորեն մտածում են, որ նույնիսկ, եթե կարկուտ է գալիս, մարդիկ փախնում են, չէ՞, այդ կարկուտից, մի տեղում պատսպարվում, հիմա թշնամին՝ մեր դեմը, զենքն էլ՝ ձեռքին, մարդն ի՞նչ պետք է մտածի։ Բնականաբար, վտանգը միշտ էլ կա։ Բայց մենք մեր կամքով ապրում ենք մեր հողում, սպասում ենք մեր բերքահավաքին, այնպես չէ, որ մտածում ենք, ձեռքներս վեր բարձրացրած՝ մի կողմ քաշվենք։ Հակառակը՝ մտածում ենք, որ ինչ-որ բան պետք է արվի, որպեսզի սրանց հանենք մեր հողից, չգիտեմ, մենք լավատեսորեն ենք ապրում։ Այնպես որ, վախ չունենք, մեր հող ու ջրում ինչի՞ց պիտի վախենանք, եթե այդպես լինի, ուրեմն Երևանում էլ պետք է վախենան, մտածեն, որ գուցե մի օր էլ վտանգն այդտեղ հասնի։ Ի՞նչ տարբերություն, մեր հողն է՝ կա՛մ սահմանի վրա, կա՛մ քաղաքի կենտրոնում»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։
Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանուր իրավիճակը նորմալ է։
«Չեմ կարող ասել, թե թշնամին ինչ է մտածում, որ կրակում է, բայց այս պահին իրավիճակը նորմալ է, այլ բան չունեմ ասելու»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը։