Հարց բժշկին. մաշկի խնամքը պետք է իրականացնել վաղ տարիքից, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի այն պահպանել
Բոլոր ժամանակներում կանայք մշտապես փորձել են ավելի երիտասարդ երևալ, գեղեցիկ և խնամված տեսք ունենալ՝ դրա համար օգտագործելով խնամքի տարբեր միջոցներ: Բնական է, որ մաշկը մշտապես խնամք է պահանջում, իսկ մեր օրերում տեխնոլոգիաների և բժշկության զարգացմանը զուգընթաց առաջարկվում են բազմաթիվ էսթետիկ, ժամանակակից միջամտություններ, նոր նյութեր, որոնք, ըստ մասնագետների, թույլ են տալիս նվազեցնել մաշկի տարիքային փոփոխությունները, պահպանել առողջ և երիտասարդ տեսքը։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Իսպանիայում գործող «Էսմեդիք» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր բժիշկ Տիգրան Չալաբյանի հետ զրուցել ենք էսթետիկ բժշկության նոր միտումների զարգացման, հանդիպող սխալների և Եվրոպայում տարիների կուտակված փորձը Հայաստան բերելու և կիրառելու մասին:
Էսթետիկ բժշկությունը բժշկական մի գործառույթ է, որն ուղղված է մարդու արտաքին տեսքի շտկմանը, մաշկի որակի բարելավմանը։
Խոսելով վերջին տարիներին ամենուր ավելացող տարբեր էսթետիկ ծառայությունների գործունեությունից, մասնագետը խորհուրդ տվեց օգտվել բացառապես լիցենզավորված և որակյալ նյութերով աշխատող կենտրոններից:
«Բնական է՝ բոլորս էլ ծերանում ենք, և դա նորմալ է, բայց ճիշտ է փորձել գեղեցիկ ծերանալ: Գեղեցկությունը պահպանելու համար մաշկի խնամքը նպատակահարմար է սկսել վաղ տարիքից, որպեսզի հետագայում հեշտ և արդյունավետ լինի այն գեղեցիկ պահպանել։ 19-20 տարեկանից նախազգուշական խնամք կամ թերապիա կարելի է իրականացնել, բայց ոչ բոտուլոտոքսինի կամ հիալուրոնաթթվի ներարկումները, որոնք որոշ դեպքերում փոփոխություններ են առաջացնում դիմագծերում: Կան բազմաթիվ նյութեր, դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս պահպանել և՛ մաշկի որակը, և՛ ձգվածությունը՝ կանխարգելելով այն փոփոխությունները, որոնք տարիքին զուգընթաց նկատելի են դառնում»,-ասաց բժիշկ Չալաբյանը:
Մասնագետն ասաց, որ երկար տարիներ, հետևելով Եվրոպայում կիրառվող էսթետիկ մեթոդների զարգացմանը, եկել է այն համոզման, որ արևմտյան երկրներում այս ոլորտը վաղուց ձգտում է բնական նյութերի կիրառմանը:
Բժիշկ Չալաբյանն ընդգծեց, որ իր այցի գլխավոր նպատակներից մեկը վերջին ժամանակներում աշխարհում ամենապահանջված բնական ու անվնաս վերականգնողական «Սեփական ճարպի փոխպատվաստում» թերապիան հայ բուժառուներին և մասնագետներին ներկայացնելն է: «Որքանով հասցրել եմ ծանոթանալ, Հայաստանում էսթետիկ միջամտությունների որակը բավականին լավն է, այս մեթոդը ևս կիրառվում է, սակայն վիրահատական եղանակով՝ ընդհանուր անզգայացմամբ։ Իսկ նորագույն մեթոդը թույլ է տալիս այն իրականացնել տեղային անզգայացմամբ, զգալի սեղմ ժամկետում, որից հետո բուժառուն հանգիստ կարող է տուն գնալ»,-նշեց բժիշկը։