Բաժիններ՝

Գիտատեխնիկական գրադարանի ոդիսականը. Հասցեատերը Էկոնոմիկայի նախարարությունն է

Շաբաթներ առաջ գրել էինք, որ նախորդ տարի, դեկտեմբերի 28-ին Կառավարությունը N 2304-Ա որոշմամբ Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական կառուցվածքում գործող Գիտատեխնիկական գրադարանի շենքերը դրվել են օտարման։ Իսկ արդեն այս տարվա մայիսի 2-ին, որպես չզեկուցվող հարց, ընդունվել է ՀՀ կառավարության N640-Ա որոշումը՝ Կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ, որի արդյունքում լուծարվում է նաեւ Գիտատեխնիկական գրադարանը իր 4 մարզային մասնաճյուղերով։

Գիտատեխնիկական գրադարանը Հայաստանի խոշորագույն գրադարանն է և ունի շուրջ 22 մլն գիտատեխնիկական գրականություն և 60 տարվա պատմություն, ի սկզբանե ստեղծվել է որպես ավանդապահ (դեպոզիտար) գրադարան։ Այն գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։

Այս ընթացքում գրադարանի աշխատակիցները բախել են բոլոր գերատեսչությունների դռները, նամակներ հղել տարբեր պաշտոնատար անձանց, սակայն կա՛մ արձագանք չեն ստացել, կա՛մ նրանց գրությունները ուղղորդվել են Էկոնոմիկայի նախարարություն, որն էլ հանդիսանում է կազմակերպության լուծարման նախաձեռնողը։

168.am-ի հետ զրույցում գրադարանի էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյանը անդրադառնալով գրադարանի աշխատակցիների պայքարի ընթացքին, գերատեսչությունների կողմից գրադարանի նշանակությանը ոչ համարժեք արձագանքին, ասաց՝ գրադարանի աշխատակիցները շարունակում են իրենց պայքարը գրադարանի գոյությունը պահպանելու համար։

Կարդացեք նաև

«Մոտ 30 լրատվամիջոցներ անդրադարձել են գրադարանի լուծարման գործընթացին, ինչը հանրային աղմուկ բարձրացրեց։ Մենք այս ընթացքում շարունակել ենք պայքարը և գրություններ ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը, քանի որ ըստ ՀՀ  «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի պետական լիազոր մարմինը այդ նախարարությունն է ու իրենց դուրս են թողել լուծարման որոշման քննարկումից։ Մի ամբողջ գրադարանի ճանակատիր են որոշում ու ոչնչացնում, շրջանցելով ԿԳՄՍ նախարարությանը։ Մեր ողջ պայքարի ընթացքում հուսադրող պատասխան ստացվել է միայն ԿԳՄՍ նախարարության կողմից, որտեղ նշվել է, որ կարևորվում է 22 մլն գիտատեխնիական հարուստ փաստաթղթային ֆոնդի պահպանության հարցը և գրադարանի գործարկումն ապահովելու, ֆինանսական միջոցներ և տարածք հատկացնելու համար մտադիր են դիմել ՀՀ Կառավարությանը։ Այս նամակը հույս արթնացրեց, որ ԿԳՄՍ նախարարության գրությունը գրադարանի հետագա գործունեությունը շարունակելու մասին է և մենք նամակով դիմել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին աշխատակիցների հետ հանդիպման և քննարկման համար` հրավիրելով նաև գրադարան։ Սակայն հանդիպում տեղի չունեցավ։

Օգոստոսի 12-ին ըստ ծանուցումների մեր վերջին աշխատանքային օրն է, իսկ օգոստոսի 13-ին նշանակված է գրադարանի շենքերի հերթական աճուրդը»,-նշեց Մարգարիտա Մանուկյանը։

Հուլիսի 8-ին ԱԺ-ի կողմից հրավեր էինք ստացել՝ մասնակցելու ՀՀ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների աշխատանքային քննարկմանը։

«Մենք նամակ ենք հանձնել նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել, թե ինչ գնահատական է տրվում նման նշանակության գրադարանի վտանգված լինելիությանն ու փակմանը»։

Այդտեղ զրուցելու հնարավորություն ունեցանք ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի հետ, ով վստահեցրեց, որ գրադարանի դերը կարևորվում է և այն չի կարող պարզապես ոչնչացվել։ Նա նաեւ պատասխանեց, որ այո, պետք է ձեզ հետ հանդիպում տեղի ունենար, որպեսզի քննարկվեր գրադարանի հարցը։ Նշեց նաև, որ Կառավարությունը կամ Էկոնոմիկայի նախարարությունը հարցի լուծումը պետք է պատվիրակի ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի իրենք զբաղվեն գրադարանի հետագա ճակատագրով։

Մեր` գրադարանի աշխատակիցներիս մոտ տպավորություն է ստեղծվում, որ Էկնոմիկայի նախարարությունը չի ուզում գրադարանն իր կազմում տեսնել, բայց միաժամանակ ո՛չ էլ որևէ այլ գերատեսչության կազմում»,- ընդգծեց Մարգարիտա Մանուկյանը։

Աշխատակիցները նամակներ են հղել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանին` հրավիրելով գրադարան, որպեսզի տեղում քննարկեն հարցը, սակայն արձագանք չի եղել։

Գրադարանի ֆոնդերը, գրապահոցը չեն կարող անտարբեր թողնել աշխատակիցներին, որպեսզի նրանք լուռ համաձայնեն գրադարանի ֆոնդերի մասնատման կամ ոչնչացման հետ։

«Այս պահին կդժվարանամ մանրամասնել, թե որոնք են լինելու մեր հաջորդ քայլերը, բայց մեր գրադարանից օգտվող բազմաթիվ գիտնականներ, հետազոտողներ, ընթերցողներ, կազմակերպություններ ստորագրահավաք են իրականացրել, նամակներ են գրել, սակայն որևէ առաջընթաց չկա»,-շեշտեց Մարգարիտա Մանուկյանը։

Կառավարության որոշման արդյունքում գրադարանի 70-ից ավել աշխատակից դառնալու է գործազուրկ։

«Մեր պայքարն արդար է, մենք փորձում եք այնպես անել, որպեսզի մեր երկիրը չզրկվի միակ Գիտատեխնիկական գրադարանից։ Աշխատակիցները պարզապես նվիրյալներ են, ովքեր նվազագույն աշխատավարձով, հաղթահարելով դժվարին տարիները կարողացել են այս գրադարանն այսքան տարի պահպանել։ Գրադարանին սպառնացող վտանգը խարան է նաև ողջ կառավարության համար, որն իր որոշմամբ զրկում է Հայաստանի Հանրապետությանը գիտատեխնիկական գրադարան ունենալու հնարավորությունից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս