«Հարսնացուն»՝ Վենետիկից. Կարեն Անդրեասյանի նոր իդեա ֆիքսը
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, արդարադատության նախարարության ներգրավմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ:
ԲԴԽ նախագահի նոր իդեա ֆիքսը դատավորների գնահատման նոր հանձնաժողովի ստեղծումն է, և դա իրականություն դարձնելու համար նրա կողմից վերահսկվող ԲԴԽ-ն կազմել է նախագիծ և հանրային ու մասնագիտական քննարկման քող ապահովելու նպատակով նաև կազմակերպել քննարկում:
Նշենք, որ Դատավորների գնահատման հանձնաժողովը վաղուց կա և գործում է՝ 5 անդամից բաղկացած, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է 4 տարով, սակայն փաստացի ոչ Կարեն Անդրեասյանի կրնկի տակ, եթե վերջինս որոշել է կազմալուծել նաև այս հանձնաժողովը ու ստեղծել նոր, իրեն ենթակա հանձնաժողով:
Նախագծի հիմնական հիմնավորումը, ըստ արդարադատության փոխնախարարի, իբր պատշաճ և հավասար գնահատման հնարավորությունն է, այնինչ առաջարկվող փոփոխություններն ուղղակիորեն հակասում են թե՛ ներպետական, և թե՛ միջազգային առաջադեմ ստանդարտներին, պետության ստանձնած պարտավորություններին, որոնք միտված են ապահովել դատական իշխանության անկախությունը:
Նշենք, որ նախագիծը հնարավորինս չի քողազերծվում ու թաքցվում է, և այն, ինչ 168.am-ի ձեռքի տակ կա, նշված նախագծի, թերևս, վերջին տարբերակներից է: Պետք է նշել, որ, մեր տեղեկություններով, նախագիծն այժմ Վենետիկի հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է, իսկ թե ինչ է նախորդել դրան, կգրենք այլ առիթով:
Ակնհայտ է, որ առաջարկվող փոփոխություններն ուղղակիորեն միտված են ԲԴԽ նախագահի ու քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ նոր լծակներ ստանալուն.
Այսպես`
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է.
- «Առնվազն երկու տարվա դատավորի աշխատանքային ստաժ ունեցող դատավորի գործունեությունը ենթակա է գնահատման երկու տարին մեկ անգամ»:
- «Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է 25 անդամից, որոնցից տասը դատավորները ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից, հինգ իրավաբան գիտնականներ առաջադրվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, հինգ իրավաբաններ՝ հասարակական կազմակերպությունների կողմից, հինգ իրավաբանի թեկնածությունն առաջադրում է դատական դեպարտամենտը: Նախագծից հանվել է ԲԴԽ կողմից ավելի վաղ առաջարկված Արդարադատության նախարարության 5 անդամի քվոտան:
Այսինքն` ըստ էության փորձ է կատարվում մշտական վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության նկատմամբ, իսկ վերահսկողի դերում հանդես են գալու մեծամասամբ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվող կամ նրանց ընտրությամբ առաջադրվող սուբյեկտները (ԲԴԽ, դատական դեպարտամենտ.- Գ.Ս.), այնինչ միջազգային չափանիշներով նման իրավազորություն կարող են ունենալ միայն դատավորների մեծամասնությունից բաղկացած հանձնաժողովները:
Սա նշանակելու է, որ առանց այդ էլ ոչ գրավիչ դատական համակարգն էլ ավելի անհրապույր է դառնալու, որովհետև որևէ մեկը նախ չի ուզի մշտական հսկողության տակ գտնվել և, բացի դրանից, վերահսկվել կասկածելի ու, բնականաբար, խիստ վերահսկելի սուբյեկտների կողմից:
Որևէ եվրոպական երկրում առկա չէ նման մոդել, իսկ միջազգային հեղինակավոր կառույցները բացառապես բացասական կարծիքներ են հայտնել ավելի վաղ իրականացված նման փորձերի նկատմամբ:
Դատավորների կայացրած որոշումների վրա չազդելու տեսակետից պակաս խնդրահարույց չէ Դատական դեպարտամենտին վերապահել դատական մարմին (Դատավորների գնահատող հանձնաժողով.- Գ.Ս.) ձևավորելու իրավասությունը:
Դատական դեպարտամենտն ըստ էության ձևավորվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից և հանդիսանում է խորհրդի աշխատակազմը։ Դեպարտամենտն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև իրականացնում է նյութատեխնիկական աջակցություն։ Վերոգրյալից բխում է, որ դատական մարմինների գործունեությունը ապահովող գործառույթներ իրականացնող պետական հիմնարկին դատական մարմնի կազմ ձևավորելու լիազորություն տալը ուղղակիորեն հակասում է դեպարտամենտի ստեղծման նպատակին, իսկ նախագծով նրան տրվում է դատական գործունեության նկատմամբ հսկողության լիազորություն:
Դատավորներին մշտական երկաթե աքցանի մեջ պահելու ցայտուն վկայությունն էր արդարադատության նախարարությանը դատավորների գնահատման հանձնաժողով ձևավորելու և դատավորներին մշտական վերահսկողություն իրականացնելու լիազորություն վերապահելու ԲԴԽ նախնական առաջարկի առկայությունը:
Դատավորների անհատական գործունեության գնահատման հիմնական կանոնը պետք է լինի այն, որ դատավորի անկախությունը պետք է լիովին պահպանվի, մինչդեռ նախագծով, մեղմ ասած, խնդրահարույց է իշխանության այլ ճյուղերի կողմից դատավորների վերաբերյալ նման միջամտության հնարավորության օրենսդրական մեխանիզմների ներդրումը:
Այսինքն՝ մասնավորապես քաղաքականացված ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձում են սահմանափակել դատական իշխանության անկախությունը՝ նրա կառավարման մարմիններից մեկը՝ Դատավորների գնահատման հանձնաժողովը, ամբողջապես ներառելով գործադիր իշխանության վերահսկողության տակ։
Չի կարող դատավորներին գնահատող հանձնաժողովը լինել գործադիրի կրնկի տակ, ինչին ձգտում են ու հնարավոր է՝ հասնեն Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը, թեպետ լուրջ դիմադրություն կա, այդ թվում, ի դեպ, իշխանության ներսում:
Թեև դատավորները դեռևս 2022թ. նոյեմբերից բացասական դիրքորոշումներ են հայտնել նմանատիպ փորձերի վերաբերյալ, սակայն ԲԴԽ նախագահն ու նրան ենթակա պաշտոնատար անձինք փորձում են իրականացնել նշված փոփոխությունները` ստեղծելով հանրային քննարկման պատրանք, փորձելով նախագիծը մատուցել՝ իբրև դատական իշխանության նախաձեռնություն:
Նման փոփոխությունները ոչ միայն կսահմանափակեն դատական իշխանության անկախությունը, այլև վստահաբար հերթական բացասական ազդեցությունն են թողնելու նաև դատական իշխանության միջազգային հեղինակության վրա: