Փարիզի Օլիմպիական խաղերը կնպաստեն եղանակի կանխատեսման հետազոտություններին խոշոր քաղաքներում
Եղանակը կարևոր դեր է խաղում միջազգային սպորտային մրցաշարերի ընթացքում՝ ազդելով միջոցառումների պլանավորման, մարզիկների կատարողականի և երկրպագուների անվտանգության վրա: Օդի ջերմաստիճանի, խոնավության, տեսանելիության և քամու ուժգնության, վտանգավոր եղանակային երևույթների ճշգրիտ կանխատեսումների ապահովումը կարևոր է հատկապես բացօթյա մրցումների համար: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Քաղաքային բնակավայրերում ապրող մարդկանց թիվը ներկայումս կազմում է 3․5 միլիարդ մարդ և անշեղորեն աճում է։ Եղանակի կանխատեսման թվային մոդելների համար լուրջ մարտահրավեր է ճշգրիտ գնահատել բարձրահարկ շենքերի և քաղաքային ենթակառուցվածքների ազդեցությունը եղանակի և կլիմայի վրա, ինչպես նաև շրջակա միջավայրի տարբեր ռիսկերը, ինչպիսիք են օդի և ջրի աղտոտվածությունը:
Գիտահետազոտական նախագծի հիմնական խնդիրներն են՝ օդի որակը, եղանակի կանխատեսման բարձր լուծաչափի մոդելների մշակումը և կիրառումը՝ մինչև 100 մետր հորիզոնական քայլով, և հասարակագիտության ուսումնասիրությունները։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գիտահետազոտական նախագիծը կիրականացվի «Meteo-France»-ի կողմից Փարիզի օլիմպիական խաղերի ընթացքում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը։ Նախագծում ներառված են տարբեր երկրների օդերևութաբանական ծառայություններ և համալսարաններ՝ Ֆրանսիա, Ավստրալիա, Կանադա, Չինաստան, Շվեդիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ: