Բաժիններ՝

ՊԵԿ «Հատուկ կապ» ՓԲԸ նախկին շենքի՝ պայթեցման եղանակով քանդելու որոշումը դարձել է պատուհաս հարակից բնակելի շենքերի համար. բնակիչները դեմ են

Տևական ժամանակ է, մայրաքաղաքի Պարույր Սևակ 5, Պարույր Սևակ 8, 8/1, 8/2 շենքերի բնակիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որպեսզի կանխեն ՊԵԿ «Հատուկ կապ» ՓԲԸ նախկին շենքի պայթեցումը: Նշված շենքը գտնվում է բնակելի շենքերին շատ մոտ, և պայթեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

2500 բնակիչ դեմ է, որպեսզի ՊԵԿ նախկին շենքը քանդեն պայթեցման եղանակով, որոշ շենքեր գտնվում են՝ 20 մետր, մյուս դեպքում՝ շուրջ 40 մետր հեռավորության վրա։

Բնակիչները հարցում են արել ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ՝ ներկայացնելով խնդիրը, և ստացել են մասնագիտական պատասխան, ըստ որի՝ շատ բան կախված է պայթուցիկ նյութի տեսակից, քանակից, պայթեցման որակից, այնուամենայնիվ գուցե այս պահին տեսանելիորեն շենքերի վրա այդ պայթեցումն ազդեցություն չունենա, սակայն շենքի սեյսմակայունության վրա, անշուշտ, այն կազդի:

168.am-ի հետ զրույցում Պարյուր Սևակ 5 թաղամասի բնակիչ Գևորգ Մարտիրոսյանն ասաց, որ ՊԵԿ նախկին շենքը պայթեցնող ընկերության ղեկավար Վազգեն Պետրոսյանը հանդիպել է բնակիչների հետ ու հայտնել, որ շենքը պետք է պայթեցվի։

«Մենք բազմիցս նշել ենք, որ դեմ ենք այդ միջոցով շենքը քանդելուն, բայց ինչպես հասկացանք մամուլի խոսնակների ելույթներից, Քաղաքապետարանը և ՆԳ նախարարությունը դեռևս թույլ չեն տվել, որպեսզի պայթեցման եղանակով շենքը քանդեն։ Պայթեցման համար թույլտվությունը տալիս է ՆԳՆ-ի հատուկ բաժինը, բայց որևէ խոսք չկա այն մասին, թե պայթեցման ենթակա շենքը որքան հեռավորության վրա պետք է գտնվի բնակելի շենքերից։ Մեր շենքերը վտանգվում են, քանի որ պայթեցվող շենքից գտնվում են 22 կամ 40 մետր հեռավորության վրա»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ բնակիչները երբ հանդիպել են շենքը պայթեցնող ընկերության ղեկավար Վազգեն Պետրոսյանի հետ, հետաքրքրվել են՝ եթե շենքը պայթեցնեն, ու բնակելի շենքերը վնասներ կրեն, պատասխան տալո՞ւ է, հարցի պատասխանը դրական չի եղել։

«Այս տարածքում ապրող բոլոր բնակիչները դեմ են պայթեցմանը։ Երբ պայթեցման աշխատանքներ են կատարվում, նախ՝ պետք է իրազեկեն բնակչությանը, և երկրորդ՝ մենք ոչ թե պատուհանից պետք է տեսնեինք, որ շենքը պատրաստվում են պայթեցնել, այլ շենքը դեղին ժապավենով կողքերով պետք է փակեին, ցուցանակ կպցնեին։ Հիմա իրենք այդ շենքն այնպիսի վիճակի են հասցրել, որ եթե երկրաշարժ լինի, ապա առանց պայթեցման քանդվելու է։ Մարդիկ շենքից 10 մետր հեռավորությունից անցնում են, պետք է, չէ՞, իմանան, որ տարածքը վտանգավոր է, անվտանգության որևէ կանոնի չեն հետևում։

Մենք պահանջել ենք, որպեսզի պայթեցման հստակ օր ասեն, բայց չեն ասել, հանրային իրազեկում չեն արել։ Եթե շենքը լիներ ամայի տարածքում, շուրջը բնակելի շենքեր չլինեին, հասկանալի կլիներ, բայց իրենք եկել, մեր շենքերի կողքին գտնվող շենքը պայթեցնում են, ըստ օրենքի՝ շենքը բնակելի տարածությունից պետք է 100 մետր հեռավորության վրա լինի»,- շեշտեց Գևորգ Մարտիրոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ բացի բնակելի շենքերի սեյսմակայունության խնդրից, այստեղ կա նաև լուրջ բնապահպանական խնդիր։ Շենքը պայթեցնելու արդյունքում բարձրանալու է մեծ քանակությամբ փոշի, ինչը տարածքի բնակիչները մի քանի օր պետք է շնչեն։

«Հին շենքերում սովորաբար կուտակվում են ռադիոակտիվ նյութեր։ Բոլորդ էլ լավ եք հիշում, երբ Նյու Նորքում երկու երկնաքերները պայթեցվեցին, այնտեղ աշխատող փրկարարների մեծ մասի մոտ առաջացավ կոկորդի քաղցկեղ։ Այսինքն՝ հաշվի չեն առնում մեր՝ բնակիչներիս շահերն ու անվտանգության հարցերը»,- եզրափակեց Գևորգ Մարտիրոսյանը։

168.am-ի հետ զրույցում Ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը ևս ասաց՝ բնակելի շենքերի տարածքում գտնվող շենքը պայթեցման միջոցով քանդելն անթույլատրելի է։

«Պայթեցվող շենքը բավականին մոտ է բնակելի շենքերին և այս պարագայում պետք է կատարվեին համալիր ուսումնասիրություններ՝ ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական, որպեսզի պատկերացում կարողանային կազմել տվյալ տարածքի ինժեներաերկրաբանական վիճակի մասին։ Կարծիքներ են հնչել, որ պայթեցման հետևանքով հարակից շենքերի վրա 1-2 բալ ազդեցություն կարող է ունենալ, սա համոզիչ չէ, քանի որ ինձ համար հետաքրքիր է իմանալ՝ կա՞ նման հետազոտություն, որ նման փոքր հեռավորությունների վրա պայթեցումը կարող է ազդել 1-2 բալ։ Հղում են կատարում մաթեմատիկական հաշվարկների վրա, ապա ցանկալի կլիներ այդ հաշվարկները ներկայացնեին համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներին ու ստանային համապատասխան կարծիք։ 1-2 բալը որակական է, որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, պետք է քանակական տվյալներով խոսել՝ հասկանալու համար, թե պայթեցումն ինչ ազդեցություն կունենա հարակից բնակելի շենքերի վրա»,- նշեց Ջոն Կարապետյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ոչ թե բնակիչներին պետք է համոզեն խոսքերով, թե պայթեցումը նրանց շենքերին չի վնասի, այլ հստակ պետք է ներկայացվի ուսումնասիրության արդյունքներ։

«Կրկնում եմ՝ բնակելի շենքերը գտնվում են պայթեցվող շենքին մոտ, հետևաբար՝ չպետք է շտապեն շենքը պայթեցնել, մանրամասն պետք է հետազոտել, կարելի էր ապամոնտաժել այլ եղանակով»,- եզրափակեց Ջոն Կարապետյանը։

Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսի ժամանակ հարցին անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ տնտեսվարողին զգուշացվել է, որ նման աշխատանքներ չկատարի՝ առանց քաղաքապետարանի թույլտվության։ Արդյո՞ք քաղաքապետարանն այս անգամ կլսի բնակիչների պահանջը, թե՞ ոչ, դեռևս պարզ չէ։

Տեսանյութեր

Լրահոս