Ֆրանսիայում գնացքների աշխատանքը «համակարգված սաբոտաժի» է ենթարկվել Օլիմպիական խաղերի բացումից առաջ
Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար է եղել «չարամիտ գործողությունների» պատճառով, որոնք ներառել են նաև հրկիզումներ։
Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։SNCF գնացքների օպերատորը AFP գործակալությանը հայտնել է, որ հարձակումները եղել են «սաբոտաժի համակարգված գործողություններ»։
«Սա լայնամասշտաբ զանգվածային հարձակում է արագընթաց գնացքների ցանցի վրա։ SNCF-ը գիշերը դարձել է միաժամանակ իրականացված մի քանի չարամիտ գործողությունների զոհը», – ասել է Ֆրանսիայի գնացքների ազգային օպերատորը՝ հավելելով, որ հարձակումներն ազդել են Ատլանտյան, հյուսիսային և արևելյան երկաթգծերի վրա։
Ընկերությունը նշել է, որ օբյեկտները վնասելու համար իրականացվել են հրկիզումներ, որոնք մեծապես խաթարել են երկաթգծի աշխատանքը։ Այս իրավիճակը կշարունակվի նաև շաբաթ և կիրակի օրերին, մինչ կատարվում են վերանորոգման աշխատանքներ։ SNCF-ն ուղևորներին կոչ է արել հետաձգել իրենց ուղևորությունները և հեռու մնալ գնացքի կայարաններից։ Հարձակումներն ազդել են մոտ 800 000 ուղևորի վրա։ Իր հերթին, Eurostar երկաթգծային ընկերությունը հայտարարել է, որ Լոնդոն-Փարիզ երթուղով գնացքների ուղևորությունը ևս խաթարվել է վանդալիզմի գործողությունների պատճառով, որոնք հանգեցրել են չեղարկումների և ուղևորության ժամանակի երկարաձգման։ Հարձակումները սկսվել են Փարիզում Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ, որին ակնկալվում է 300 000 հանդիսականի մասնակցություն՝ խիստ հսկողության պայմաններում։ Հուլիսի 26-ի երեկոյան 7500 մարզիկ 85 նավակով շքերթով 6 կմ կնավարկի Սեն գետով։
Այսպիսով, Ամառային օլիմպիական խաղերի բացումն առաջին անգամ տեղի կունենա մարզադահլիճի տարածքից դուրս։