Հարիսը կարող է հաստատվել որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու օգոստոսի 1-ին. CBS
Օգոստոսի 1-ին սպասվում է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի առաջադրման քվեարկությունը։ Այս մասին կիրակի հայտնել է CBS-ի լրագրող Էդ Օ’Քիֆը։
Ըստ նրա՝ դեմոկրատների ազգային կոնվենցիայի պատվիրակներին կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ասվել է «պատրաստվել օգոստոսի 1-ին կայանալիք քվեարկությանը»: Նա բացատրել է, որ խոսքը վիրտուալ ձևաչափով քվեարկության մասին է, որի արդյունքում, ինչպես և սպասվում էր, «Հարիսը ընտրություններում պաշտոնապես թեկնածու կհայտարարվի» Դեմոկրատական կուսակցությունից։
«Նրանց, ում հնարավոր է դուր չգա [Հարիսի առաջադրման] գաղափարը, մնացել է ընդամենը 10 օր՝ ոչ ասելու և նրան մարտահրավեր նետելու համար», – ասել է Օ’Քիֆը: Միաժամանակ, լրագրողը պարզաբանել է, որ քվեարկության հնարավոր ժամկետների մասին տվյալները դեռևս ոչ պաշտոնական են։
Politico թերթը նշում է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ և դեմոկրատ դոնորներ կոչ են անում անկախ սենատոր Ջո Մանչինին (Արևմտյան Վիրջինիայից), որը մինչև այս տարվա մայիսը Դեմոկրատական կուսակցության անդամ էր, վերադառնալ կուսակցություն և առաջադրվել որպես նախագահական ընտրությունների թեկնածու։ Միևնույն ժամանակ, Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության «տարածաշրջանային շտաբների ղեկավարները» բոլոր 50 նահանգներում պաշտպանել են Հարիսի առաջադրումը որպես ընտրությունների թեկնածու։