Սիրուց ատելություն մեկ քայլ է, զզվանքից իշխանություն՝ մեկ հեծանիվ
Հայաստանի քաղաքական համակարգի ամենամեծ արատներից մեկն այն է, որ դրանում նվազագույն ներկայություն ունեն բանականությունը, միտքը, գաղափարները, ծրագրերը և այլն, ու առավելագույն կերպով ներկայացված են զգացմունքները՝ ատելությունը, նախանձը, սերը կամ հավատարմությունը, և այսպես շարունակ։
Նիկոլ Փաշինյանին, օրինակ, իր հետևորդները կամ ինքնամոռաց սիրում են (իհարկե, ամեն օրվա հետ նրան այդպես վերաբերվողների թիվը խիստ պակասում է), կամ նույնքան ինքնամոռաց ատում։
Քաղաքական այս կամ այն բևեռներին սիրողներից ու ատողներից որևէ հիմնավորում սպասելն անիմաստ է, քանի որ սերն ու ատելությունը՝ որպես էմոցիոնալ ծայրահեղ դրսևորումներ, որպես կանոն, իռացիոնալ են ու անփաստարկ։ Բայց խնդիրն այն է, որ խոսքը ոչ թե շոու-բիզնեսի որևէ ներկայացուցչի, սպորտսմենի կամ արվեստագետի նկատմամբ վերաբերմունքի, այլ պետության համար կենսական որոշումներ կայացնողների գնահատման մասին է։
Իսկ այդ դեպքում զգացմունքները պետք է լինեն ամենավերջին տեղում, կամ չլինեն ընդհանրապես։ Բայց Հայաստանում ճիշտ հակառակն է՝ իշխանության մոլի երկրպագուները շարունակում են նրա ֆետիշացումը՝ պետությանը պատճառած բոլոր աղետներից, Արցախի կորստից, Հայաստանի տարածքները միակողմանի զիջելուց հետո։ Նման դիրքորոշում ունեցող որևէ մեկը չի կարող անգամ մեկ հոդաբաշխ նախադասությամբ հիմնավորել իր մոտեցումը։ Լավագույն դեպքում կարող է ասել՝ «որովհետև նախկիններից զզվում եմ»։
Գրեթե նույն մեխանիզմով ընդդիմության կույր աջակիցները շարունակում են արդարացնել ընդդիմադիր ուժերի տապալումները՝ կրկին առանց բանական բացատրության։ Նրանց դեպքում էլ գործում է «որովհետև Նիկոլից զզվում եմ» փաստարկը։ Հանրային տրամադրությունների նման մոդելավորումը՝ մարդկանց վերաբերմունքը սիրո և ատելության բևեռների վրա կառուցելը, չափազանց ձեռնտու է առաջին հերթին՝ իշխանություններին, թեև նույնը, որոշակի վերապահումներով, կարելի է ասել նաև ընդդիմության մասին։
Բանն այն է, որ քաղաքականությունն էմոցիոնալ հարթությունում կենտրոնացնելը հարաբերականորեն անջատում է մարդկանց ուղեղը և բազմապատիկ հեշտացնում է նրանց թիրախավորումը քարոզչության կողմից։ Սիրով կամ ատելությամբ առաջնորդվողներն էականորեն ավելի արագ են ենթարկվում քարոզչությանը՝ իրենց մտքերը փակելով հակափաստարկների, հիմնավոր ահազանգերի, կանխատեսումային գնահատականների, ամենայնի առաջ, ինչը կապված է ոչ թե հուզական, այլ մտավոր գործունեության հետ։ Հենց դա է պատճառը, որ Հայաստանի իշխանությունների համար գործնականում քարոզչությունը փոխարինել է քաղաքականությանը։ Նրանք ոչ թե քաղաքականություն են վարում, որը ենթարկվում է քարոզչական սպասարկման, այլ ճիշտ հակառակը՝ զբաղված են տոտալ քարոզչությամբ, որին սպասարկում են տարբեր քաղաքականությունները։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս արատավոր շղթան կասեցնելու ճանապարհն իշխանության քարոզչությանը հակաքարոզչությամբ հակադրվելն է։ Բայց դա իրականում խաբկանք է ոչ միայն այն պատճառով, որ հնարավոր չէ իշխանության քարոզչական ռեսուրսներին գոնե մոտավոր համադրելի քարոզչություն ապահովել։
Երկրում իրական փոփոխությունների համար անհրաժեշտ է ոչ թե իշխանությանը հաղթել քարոզչության դաշտում, ինչը գործնականում հնարավոր չէ, այլ հասարակությանն էմոցիոնալ հարթությունից տեղափոխել մտավոր տիրույթ, որպեսզի մարդիկ քաղաքականության/ քաղաքական գործիչների մասին դատողություններ ձևավորելիս առաջնորդվեն ոչ թե հույզերով, այլ մտքով։ Դա, իհարկե, անհամեմատ դժվար ու երկարատև ընթացք պահանջող աշխատանք է, դրա համար էլ ընդդիմության հիմնական մասը գնում է իշխանական ատելությանն ընդդիմադիր ատելությամբ հակազդելու՝ ի սկզբանե դատապարտված ճանապարհով։
Հարություն Ավետիսյան