Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թեհրանը մնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցը և մտադիր է հասնել դրա վերականգնմանը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։

«Մենք ունենք համաձայնագիր, որը կնքվել է 2015 թվականին…. ԱՄՆ-ն դուրս եկավ դրանից, ինչի հետևանքով համաձայնագրին վնաս հասցվեց: Մենք առաջվա նման մասնակցում ենք ԳՀՀԾ-ին: ԱՄՆ-ն առայժմ չի կարողացել վերադառնալ ԳՀՀԾ-ին, ուստի նպատակը, որը մենք հետապնդում ենք, 2015 թվականի փաստաթղթի վերականգնումն է: Մենք չենք ձգտում նոր պայմանագրի», – ասել է նա CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

Իսկ միջուկային զենք մշակելու մասին լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին ի պատասխան՝ Բաղերի Քանին ասել է, որ միջուկային զենքի արգելման՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆաթվան (խմբ.՝ իսլամում ինչ-որ հարցի շուրջ որոշում հոգևոր առաջնորդի կողմից) չի կարող ենթարկվել որևէ փոփոխության։

«Դա Իրանի ղեկավարի՝ Իրանի բարձրագույն կրոնական հեղինակության և միաժամանակ բարձրագույն պետական ​​անձի ֆաթվան է: Ուստի նրա կողմից արձակված հրամաններն ու ֆաթվաները կատարման համար պարտադիր են իշխանության բոլոր մարմինների կողմից, և ոչ ոք չի կարող և չի խախտի դրանք», – ասել է նա։

Բաղերի Քանին նշել է, որ Իրանը «միջուկային հարցում չի պատրաստվում դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ)» և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իսլամական Հանրապետության միջև ՄԶՉՊ-ի շուրջ երաշխիքների համաձայնագրից:

ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «​​հնգյակի» և Գերմանիայի կողմից 2015 թվականին: 2018 թվականին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից։ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ Դրա շուրջ 2021-2022 թթ. Վիեննայում անցկացված բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։

Տեսանյութեր

Լրահոս