Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

ԱՄՆ-ն կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ` չնայած զորավարժությունների չեղարկմանը։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

Անդրադառնալով ամռանը ծրագրված վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունների չեղարկմանը՝ Ռայդերին հարց են ուղղել՝ արդյոք չեղարկվում են Վրաստանի ռազմական գերատեսչության հետ նախատեսված այլ միջոցառումներ։

«Ինձ հայտնի չեն որևէ այլ չեղարկումներ», – հայտարարել է Ռայդերը՝ հավելելով, որ զորավարժությունները չեղարկելու որոշումը հեշտ չի եղել։

Պենտագոնի ներկայացուցիչը նաև վստահեցրել է, որ Վրաստանի ռազմական գերատեսչության հետ գործընկերային կապերը կպահպանվեն։

«Մենք կշարունակենք պահպանել գործընկերային կապերը Վրաստանի զինված ուժերի հետ: Մենք նաև կշարունակենք հնարավորություններ փնտրել՝ ամրապնդելու Վրաստանի հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և պահպանելու տարածքային ամբողջականությունը», – ընդգծել է Ռայդերը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտնել էր, որ ամռանը ծրագրված «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգվում են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս