FBI-ը բացահայտել է Թրամփի մահափորձի կասկածյալին

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ FBI-ը հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողի անունը։ Թրամփի թիմը վստահեցնում է՝ տեղի ունեցածից հետո Սպիտակ տան նախկին ղեկավարն իրեն լավ է զգում։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի հավաստմամբ Սպիտակ տան նախկին ղեկավարը իրեն լավ է զգում՝ շաբաթ օրը տեղի ունեցածից հետո, որը Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ FBI-ը որակել է որպես մահափորձ:

Ավելի ուշ Թրամփը իրեն պատկանող սոցհարթակի՝ Truth Social-ի միջոցով դիմել է հանրությանը՝ շնորհակալություն հայտնելով իր կողմնակիցներին, ցավակցություն հայտնելով միջադեպի հետևանքով բազմության մեջ մահացու վիրավորում ստացած անձի հարզատներին և աղոթք հղելով, որպեսզի վիրավորները շուտ ապաքինվեն:

Թրամփի խոսքով, գնդակը դիպչել է իր ականջին։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացմամբ, կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր: Իրավապահների խոսքով, հարձակման դրդապատճառն առայժմ անհայտ է:

«Նահանգային ոստիկանությունը կապի մեջ է եղել նահանգապետի գրասենյակի հետ, և մեր աջակցությունն ու հնարավորություններն ենք հատկացրել Հետաքննությունների դաշնային բյուրոյին և դաշնային ու համայնքային գործընկերներին՝ աջակցելու հետաքննությանը: Փենսիլվանիա նահանգի ոստիկանության մտքերն ու աղոթքները այս սարսափելի արարքի տուժածների հետ են»,- ասել է Փենսիլվանիայի նահանգային ոստիկանության ներկայացուցիչ, գնդապետ Քրիս Փերիսը։

Կիրակի իրավապահներն ու լրագրողները ուղղակի պաշարել էին Փենսիլվանիայի Բեթել Պարկ թաղամասը, որտեղ ենթադրյալ հրձիգի տունն է:

Աշխարհի ազդեցիկ երկրների ղեկավարները դատապարտել են տեղի ունեցածը:

Միջադեպին անդրադարձել են են ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները։

«Սա քաղաքական բռնության սարսափելի ակտ է, որը պետք է խստորեն դատապարտվի: Պետք է մեղմենք [քաղաքական] հռետորաբանությունը։ Պետք է նվազեցնենք [քաղաքական բանավեճի] ջերմաստիճանը։ Պետք է երկու կողմերի բոլոր առաջնորդները նման կոչ անեն և համոզված լինեն, որ այդ տեղի կունենա, որպեսզի կարողանանք առաջ գնալ և պահպանել մեր ազատ հասարակությունը, որը մենք ունենք»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը:

Խոսել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, թե «բոլորը պետք է դատապարտեն» հարձակումը։ Բայդենը ընդգծել է, որ թեթևացած շունչ է քաշել, երբ իմացել է, որ Թրամփը լավ է։

Ի դեպ, Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի օրը Բայդենը դադարեցրել է իր շրջագայությունը հայրենի Դելավեր նահանգում և վերադարձել Սպիտակ տուն՝ այնտեղից հետևելու իրավիճակին:

Տեսանյութեր

Լրահոս