«Բոլորն իրենց ասածների համար պատասխան են տալու». Դավիթ Գալստյանը` Սարգիս Գալստյանի շուրջ աղմուկի մասին
«Ադրբեջանի համար շատ բարենպաստ պայմաններ են, որ այս պարտության սիմվոլներն են իշխանության Հայաստանում: Նրանք նվեր են Ադրբեջանի իշխանություններին: Մենք տեսնում ենք, որ երբ Փաշինյանի դիրքերը թուլանում են, թուրք-ադրբեջանական տանդեմից աջակցություն են հայտնում՝ ընդհուպ ֆիզիկապես անվտանգություն ապահովելու: Մենք տեսնում ենք, որ պարտության սիմվոլ հանդիսացող իշխանություննը՝ հող հանձնելով՝ իրենց պաշտոնավարման ժամկետը երկարացնելով, կարողանում են հասարակությանը քնեցնել և կատարել իրենց սև գործը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Նրա խոսքով՝ որևէ փաստաթուղթ չի կարող խաղաղության երաշխիք հանդիսանալ՝ հաշվի առնելով տարածաշրջանում մեր դիրքը. «Այն իրական գործողությունները, որոնք կարող են երաշխավոր հանդիսանալ, մեր բանակի հզորացումն է, տեսնում ենք, որ այդ ուղղությամբ շատ քիչ աշխատանք է տարվում, և ընդհակառակը՝ իրենց հռետորաբանությամբ կոտրում են հայի ոգին: Այսինքն՝ երկրի առաջնորդն ահաբեկում է իր հասարակությանը, որ՝ մենք թույլ ենք, մենք ի վիճակի չենք, և չնայած այս փաստաթուղթը որևէ երաշխիք չէ, բայց մենք պետք է ստորագրենք: Այս իշխանության համար ավելի բարեկամական երկիր է Թուրքիան, քան այլ երկրները»:
Գալստյանը նկատեց՝ այսօր միջազգային հանրությունը խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի մասին, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ են. «Իսկ ինձ հասած տեղեկություններով՝ ովքեր խոսում են արցախցիների վերադարձի մասին, այս իշխանություններն իրենց դիվանագետների միջոցով մեսիջ են հղում, որ՝ դուք խանգարում եք խաղաղության պայմանագրին, և փորձում են ընդհուպ միջազգային հանրությանը լռեցնել, երբ խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի մասին: Նման իշխանությունների վարած քաղաքականության դառը պտուղներն են, որ մեր ազգը քաղում է: Արցախի հարցը որևէ իշխանության սեփականությունը չէ, և այն իշխանությունը, որ փորձեց փակել այդ հարցը, իր գերդաստանով դավաճանի պիտակով մնալու է պատմության գրկում: Նիկոլ Փաշինյանն ատում է արցախցիներին, և դա մինչև իր վարչապետ դառնալը պարզ էր՝ իր հարցազրույցներից, իր հռետորաբանությունից»:
Քննչական կոմիտեն Դավիթ Գալստյանի հորեղբայր Սարգիս Գալստյանի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որ նախաքննությունն ավարտվել է, և նա մեղադրվում է Ադրբեջանի համար լրտեսություն կատարելու մեջ, և, որ նա ստացել է Սարխան ծածկանունը:
Դավիթ Գալստյանն այս հարցի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունը տվեց. «Քննչական կոմիտեի այդ հայտարարությունն ասես դատարանի վճիռ լինի, և հասարակությանն այդպես է ներկայացրել պրոիշխանական մամուլը: Այդտեղ չկա անմեղության կանխավարկածի մասին որևէ խոսք: Երբ Սարգիս Գալստյանի փաստաբանն իր հարցազրույցում ասաց, որ ճնշումների տակ կորզել են Սարգիս Գալստյանից ցուցմունք, որից հետո նա հրաժարվել է այդ ցուցմունքից, դրանից հետո խառնվեցին իրար: Երբ շաբաթներ առաջ Արցախի նախագահն իր հարցազրույցում հայտարարեց, որ նրան հրավիրել էին քննչական կոմիտե՝ Սարգիս Գալստյանի հետ առերեսման, որևէ աժիոտաժ չառաջացավ: Բայց երբ Քննչական կոմիտեն այս ամենից հետո նման վճիռ է կարծես կարդում, և դատարանն այլևս անելիք չունի, միայն մնում է պատժի չափը որոշել, այդ ֆոնի վրա շահարկվում է թե՛ Արցախի նախագահի անունը, որը որևէ կապ չուներ այդ հայտարարության հետ, փորձում են մեղավոր ճանաչել՝ հաշվի չառնելով այդ մարդու սահմանադրական իրավունքը, որևէ նախադասությամբ պրոիշխանական մամուլը վերջում անմեղության կանխավարկածը չի հիշատակում:
Պրոիշխանական համարվող լրագրողներից մեկը գրառում էր կատարել թեմայի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. «Սարխանի ախպերները իրենց բնակարանները 2023 թվականին վաճառում են Արցախի պետությանը, երբ 120 հազար արցախցի մեր հայրենակիցներ սովի ու ֆիզիկական սպառնալիքի եզրին էին»:
Դավիթ Գալստյանը դա հերթական կեղծիք է համարում. «Երբ մարդիկ արդեն չփաստարկված, չապացուցված որոշ մականուններ վերցնում և որպես փաստ են օգտագործում, արդեն իսկ հասկանալի է, թե քամին որտեղից է փչում: Սարգիս Գալստյանն ախպերներ չունի, այդ կարգի անտեղյակ են, նա ունի մեկ եղբայր: Երբ պահը գա, բոլորն իրենց ասածների համար պատասխան են տալու, և կտեսնենք՝ Սարգիս Գալստյանի եղբայրը տո՞ւն է ձեռք բերել այդ տարիներին, թե՞ վաճառել: Այս ամենն արվում է հասարակությանը մանիպուլացնելու նպատակով, որ սև ֆոնի տակ ներկայացնեն այս իշխանության ընդդիմախոսներին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում