Փորձագետը գնահատել է ԱՄՆ-ում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը սոսկ հերթական հանդիպում է, և ի սկզբանե լուրջ արդյունքներ և վերջնական որոշումներ պետք չէր ակնկալել։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը բանակցությունների ընթացքում առաջ է քաշել նախապայմաններ, որոնց կատարումը, իր գնահատմամբ, Հայաստանի համար Բաքուն պարտադիր է համարում։
Նա նշել է, որ Երևանն իր հերթին չի կարող նախապայմաններ առաջ քաշել, քանի որ պարտվողի դիրքերից է հանդես գալիս։
«Նման դեպքերում պարտվող կողմը չի կարող հավասարապես առաջ տանել իր շահերը։
Իհարկե, այս առումով ԱՄՆ-ի ներգրավումը գուցե որոշակի հավասարակշռություն մտցնի, բայց պետք է հասկանալ, որ Երևանն ու Բաքուն ուղիղ են բանակցում, առանց միջնորդների։ Դա վերաբերում է ինչպես փոխվարչապետների, այնպես էլ երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններին։ Առանց միջնորդների բանակցությունների շարունակությունը նույնպես Ադրբեջանի նախապայմանն էր, որը ևս Հայաստանը բավարարեց»,- ընդգծել է Սարգսյանը։
Նա ԱՄՆ-ի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական բանակցություններին կապեց այն բանի հետ, որ «սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում»։
«Եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանում կամ Հայաստանում ակտիվորեն ներգրավվելու հնարավորություն կամ ռեսուրսներ չունի, ապա այս վակուումը լրացնում են այլ խաղացողներ։ Գերտերությունների միջև այս մրցակցությունը միշտ եղել է և կլինի։ Միացյալ Նահանգները, տեսնելով, որ այս պահին կարող է խաղալ ազատ հարթակում, այդպես էլ վարվում է»,- պարզաբանում է փորձագետը։
ԱՄՆ ակտիվությունը հայ-ադրբեջանական բանակցություններում Սարգսյանը բացատրում է նաև նրանով, որ Վաշինգտոնը միշտ հավատացել է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների լուծումը Ռուսաստանին հնարավորություն կտա դուրս գալ տարածաշրջանից կամ գոնե հավասարակշռել այստեղ Մոսկվայի ազդեցությունը։
«Այս առումով ԱՄՆ-ն հակամարտության լուծումը առաջնահերթություն է համարում և գնում է այս ճանապարհով՝ փորձելով հասնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտությունների կարգավորմանը։ ԱՄՆ-ն այս ռազմավարությունն արդեն 30 տարի կիրառում է »,- հավելեց քաղաքագետը։
Միաժամանակ նա նշեց, որ եթե կողմերին բանակցությունների միջոցով չի հաջողվում հասնել խնդիրների լուծմանը, սկսում է աշխատել ռազմական բաղադրիչը և ավելի ուժեղ կողմը փորձում է այն լուծել ուժային տարբերակով։
«Սա հայ-ադրբեջանական գործընթացներում միշտ պետք է նկատի ունենալ։ Պետք է հաշվի առնել, որ այդ մարտահրավերը կա և ցանկացած պահի կարող է կրկին թակել մեր դռները՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2020 թվականից մի քանի տարի անց Հայաստանի դեմ պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացվել»,- եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 75-ամյակի կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը պատմական խաղաղության պայմանագրի կնքման և միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, միաժամանակ պայմանավորվել են շարունակել աշխատանքը։ Բացի դրանից, կողմերը պետքարտուղարին այս հանդիպման անցկացման համար շնորհակալություն են հայտնել։