ՆԱՏՕ-ի հռչակագրում Վրաստանի անդամակցության մասին չի հիշատակվում
Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում չի հիշատակվում այն մասին, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի 75-ամյակի հռչակագրի տեքստում Վրաստանը հիշատակվում է միայն մեկ անգամ։ Փաստաթղթում Վրաստանի մասին հիշատակված է Մոլդովայի և Ուկրաինայի համատեքստում, և նշված է, որ ՆԱՏՕ-ն «կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր ուժերը Մոլդովայից և Վրաստանից, որոնք այնտեղ տեղակայված են առանց նրանց համաձայնության»։
Նշենք, որ մինչ այդ 2023 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրում Վրաստանը հիշատակվել էր 13 անգամ։ Այն ժամանակ փաստաթղթի ողջ ենթագլուխը նվիրված էր երկրին, իսկ նշումները վերաբերում էին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելուն, Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախության ճանաչումը» չեղարկելու անհրաժեշտությանը, նաև՝ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության խորացմանը։
Անցյալ տարվա փաստաթուղթը վերաբերում էր նաև 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշմանը, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ Անդամակցության գործողությունների ծրագրի (MAP) միջոցով, ինչպես նաև նշված էր Տարեկան ազգային ծրագիրը (ANP):