Ինչո՞վ ավարտվեց Վաշինգտոնի՝ հայ-ադրբեջանական հերթական նախաձեռնությունը
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության համաձայն, կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։ «Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին՝ հանդիպումը հյուրընկալելու համար»,- ասված էր հաղորդագրությունում։
Արարատ Միրզոյանը նաև գրառում էր կատարել իր X-ի էջում՝ նշելով, որ Հայաստանն ունի քաղաքական կամք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու և ստորագրելու համար:
Նա նաև շնորհակալություն էր հայտնել ամերիկյան կողմին, մասնավորապես՝ պետքարտուղար Բլինքենին, հանդիպման կազմակերպման համար։
Հանդիպումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտն է նաև հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ Բլինքենը Միրզոյանի ու Բայրամովի հետ քննարկել է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և խրախուսել հետագա քայլերը՝ այն հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար։ Պետքարտուղարն ընդգծել է նաև խաղաղության կարևորությունը տարածաշրջանային կապերի խթանման ուղղությամբ, ինչը, պետքարտուղարի համոզմամբ, բխում է ողջ Հարավային Կովկասի շահերից։ Իսկ հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Պետքարտուղարը ելույթ էր ունեցել՝ շեշտելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։
Հարկ է հիշեցնել, որ հանդիպումը տեղի է ունենում մի փուլում, երբ Բաքուն Երևանի հետ հարաբերությունների հարցում հրապարակային դիսկուրս է բերել ՀՀ Սահմանադրությունը փոխելու պայմանը։
Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։
ՀՀ իշխանությունները նշում են, որ դա ՀՀ ներքին գործն է, սակայն Փաշինյանը, ՀՀ Սահմանադրությունից խոսելիս, ընդգծում է այն փոխելու անհրաժեշտությունը։
Այս ֆոնին, այնուամենայնիվ, Երևանն առաջարկել էր Բաքվին մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, սակայն դրական արձագանք չէր ստացել։ Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրել էր խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում անհաջող որակեց Վաշինգտոնում կազմակերպված հանդիպումը։
Ըստ նրա, սովորաբար, երբ բանակցություններից, հանդիպումներից առաջ խաղադրույքները մեծանում են, նման արդյունքով հանդիպումն անհաջողություն է։
«Իսկ ԱՄՆ-ը վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին լուրջ ջանքեր էր ներդրել գործընթացի միջնորդը դառնալու համար, գործընթացի վերաբերյալ ԱՄՆ որոշ դիրքորոշումներ էր հանրայնացրել՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ հանդիպումը բեկումնային է լինելու, որ լուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվելու, ջանացել էր կողմերի միջև ինչ-որ կոնսենսուսի տպավորություն թողնել, սակայն բանակցություններից հետո տարածված հաղորդագրությունը պարզապես հերթական հաղորդագրությունն էր, որ տեղի են ունեցել բանակցություններ։ Վերլուծելով վերջին մեկ ամսվա իրադարձությունները՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Հայաստանի քաղաքականությունը, շփումները երրորդ գործընկերների հետ, կարող եմ եզրակացնել, որ հանդիպումը հենց այդպես՝ ոչ այնքան արդյունավետ է եղել։
Իհարկե, հանդիպման մասին միայն հաղորդագրությունից դատել պետք չէ, սակայն այս դեպքում հակված եմ կարծել, որ հաղորդագրությունն արտացոլում է բանակցությունների բովանդակությունը, քանի որ նման ինտենսիվ ջանքերից հետո գոնե կարող էր խոսք գնալ որոշակի առաջընթացի մասին, այդ ձևակերպումը ևս ժամանակ ու անորոշություն է թողնում կարդացողների մոտ և չի ենթադրում նախ մեծ առաջընթաց, ինչպես նաև հետագա արագ համաձայնություններ։ Սակայն նույնիսկ նման ստանդարտ ձևակերպումների բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ այս փուլում գլխավոր տարաձայնության առարկա հարցերի շուրջ չի հաջողվել կոնսենսուսի հասնել, և կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ շփումները»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։
Նա նաև գտնում է, որ ամենայն հավանականությամբ փոխզիջումային չի եղել հենց Ադրբեջանի դիրքորոշումը։
«Նախ Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ և ոչ միայն ԱԳ նախարարը, հանդիպումից առաջ մի քանի ելույթներում խոսեց ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, ըստ էության սա հռչակելով՝ որպես Ադրբեջանի կարծր դիրքորոշում առաջիկա բանակցությունների համար։
Բացի այդ, այս բանակցություններին ընդառաջ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ կատարեցին ակտիվ այցեր ռեգիոն, սակայն՝ հատկապես Երևան, և ըստ էության այս հանդիպումը Վաշինգտոնում կարելի է համարել Երևան-Վաշինգտոն փոխհամաձայնեցված նախաձեռնություն ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաև Երևանի առաջարկը՝ մեկ ամսում համաձայնագիր ստորագրել։ Սա յուրատեսակ փորձ էր Ադրբեջանին բերել բանակցային ամերիկյան հարթակ՝ համաձայնագրի ստորագրման հեռանկարով, որը, ամենայն հավանականությամբ, չհաջողվեց։
Տեսնենք՝ հաջորդ հանդիպումը որտեղ և ում նախաձեռնությամբ կլինի։ Եթե չեմ սխալվում, նախորդ նախարարական հանդիպումն Աստանայում էր»,- ասաց Տարասովը։
Վերլուծաբանը գտնում է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրման հույսեր չկան, եթե ֆորսմաժորային զարգացումներ չլինեն։