Իրանն Ուկրաինայում հակամարտության պատասխանատվությունը դրել է ՆԱՏՕ-ի վրա
Ուկրաինայում հակամարտության պատասխանատվությունը լիովին ընկած է ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Ցավոք, այն, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայում, ԱՄՆ գլխավորությամբ ՆԱՏՕ քաղաքականության եւ ագրեսիվ քայլերի հետեւանքն է»,- նրա խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Թելեգրամ-ալիքը։
Ինչպես ընդգծել է Քանաանին, Ռուսաստանին Իրանի օգնության մասին պնդումները, որոնք պարունակվում են ՆԱՏՕ երկրների գագաթաժողովի հռչակագրում, «բնավ հիմնավորված չեն եւ քաղաքականացված են»։
«Իրանի ռազմավարությունն այն է, որ կատարի կառուցողական եւ կայուն դեր տարածաշրջանում եւ ողջ աշխարհում անվտանգության ապահովման գործում»,- նշել է Քանաանին։ Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը Իրանի եւ ՌԴ-ի երկկողմ համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ ձեռնարկվում է «Ուկրաինային արեւմտյան օգնությունն արդարացնելու համար»։